Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքից զորակոչված ևս 100 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին: Այս անգամ ծրագրում ընդգրկվել են Կենտրոն, Նորք-Մարաշ, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններից զորակոչված զինծառայողները, որով էլ, ըստ էության, ավարտվում է 2014թ.-ին նախատեսված ծրագիրը: Զինծառայողների և նրանց ծնողների հանդիպման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը:

Կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքներից՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ սա ևս մեկ կարևոր քայլ է բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ուղղությամբ:
«Անչափ կարևորում եմ այս նախաձեռնությունը, որի ակունքներում կանգնած է բանակ-հասարակություն կապի ամրապնդման կատարելագործման ուղղությամբ ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետը՝ իր աշխատակազմի հետ: Այս գաղափարը նվիրված է հայ ընտանիքին, և իզուր չէ, որ Պաշտպանության բանակի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի վերջին տարիների հիմնական նշանաբաններից մեկը՝ «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը» կարգախոսն է, և այդ շրջանակներում մենք միշտ ասում ենք, որ ստորաբաժանումը մեր ընտանիքն է, որտեղ ներդաշնակվում և համատեղ գործունեության են տրամադրվում մեր զինվորները, զորամասն էլ՝ մեր տունը, որտեղ մեկը մյուսի նկատմամբ մեծ սիրով ու հարգանքով ապրում, արարում և պաշտպանում են մեր հայրենիքը»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Հանդիսավոր միջոցառման շրջանակում ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով որդիական պարտքը հայրենիքի հանդեպ նվիրումով կատարող ժամկետային զինծառայողների ծնողներն արժանացել են շնորհակալագրերի, իսկ նրանց որդիներն էլ խրախուսվել են հնգօրյա արձակուրդով: Շնորհակալագրերն անձամբ հանձնելով ծնողներին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ընտանիքիներին՝ հայրենասեր ու հայրենանվեր որդիներ դաստիարակելու համար:
«Այս դահլիճում նստած զինվորները և հազարավոր այն տղաները, ովքեր իրականացնում են իրենց ծառայությունը, քաջ գիտակցում են, որ հայրնեիքը սկսվում է սահմաններից, և որքան ամուր է սահմանը, այնքան հզոր են երկիրն ու նրա մայրաքաղաքը: Եվ այս գիտակցության շնորհիվ է, որ մեր պետությունն այսօր կա ու մեր ժողովրդի համար արարում, բարիքներ է ստեղծում: Ինձ համար նաև մեծ պատիվ է դեմ առ դեմ հանդիպել այն ծնողին, ով իր զավակին կրթել, դաստիարակել է հայրենասեր և ուղարկել բանակ: Ու հենց նրանց շնորհիվ է, որ մեր բանակն այսօր հզոր է»,- ընդգծել է ՊԲ հրամանատարը: