Եվրամիությունը համաձայնեցրել է նշանային պլան, որը կօգնի դուրս բերել Հայաստանը Ռուսաստանի ուղեծրից եւ աջակցել նրա տնտեսությանը տարածաշրջանում աճող լարվածության պայմաններում, գրել է Politico պարբերականը։

Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած հանդիպման շրջանակում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ ԵՄ-ն 270 մլն եվրո կհատկացնի Հայաստանի աջակցությանը հաջորդ չորս տարիներին, «գործընկերության նոր եւ հավակնոտ ծրագրի շրջանակում»։

Նա բարձր է գնահատել այն «միջոցները, որոնք Հայաստանը ձեռնարկել է Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցները շրջանցելու հարցում... Դա ցույց է տալիս, որ Եվրամիության եւ Հայաստանի արժեքները եւ շահերն էլ ավելի են համընկնում»։

Ադրբեջանը, որը ԵՄ բնական գազի խոշոր արտահանող է եւ վերջին տարիներին պատերազմների շարք է վարել Հայաստանի դեմ, առարկել է եռակողմ հանդիպման անցկացմանը։ Բանակցություններից առաջ ֆոն դեր Լյայենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ փորձել հավաստիացնել նրան Բրյուսելի համագործկացության շարունակման հարցում՝ «էներգիայի վերականգնվող աղբյուրների, տրանսպորտային կապերի, էներգետիկ անվտանգության եւ այլ ոլորտներում»։

Բլինքենը ավելի վաղ Ալիեւին հեռախոսով ասել էր, որ չկա սահմանին լարվածությունն ուժեղացնելու արդարացում, եւ նախազգուշացրել էր, որ ցանկացած կողմի ագրեսիվ գործողությունները եւ հռետորաբանությունը կխափանեն խաղաղության հեռանկարները։

Ինչպես հայտնի է դարձել Politico պարբերականին, հանդիպման նախօրեին Հայաստանը ԵՄ եւ ԱՄՆ պաշտոնատար անձանց ներկայացրել է փաստաթղթեր, որոնցում հաստատվում է, որ Ադրբեջանը հսկայական քանակությամբ ռազմական տեխնիկա է կուտակում, որը գնել է Իսրայելից եւ Պակիստանից։

Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը տարեսկզբից միջինը ստանում է զենքի օրական ավելի քան մեկ մատակարարում։