Այն բանակցային հնարավորությունները, որ 2016-ից ի վեր առկա էին, ոչ թե ԼՂ հարցի որեւէ լուծման, այլ Հայաստանին հագցրած վզկապը` «պովոդոկը» կարճացնելու մասին էին, որ Հայաստանի առանց այդ էլ կաշկանդված գործողությունները որպես անկախ ու ինքնիշխան պետություն հանդես գալու փորձերը պարզապես բացառվեն: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ կաշկանդումը տեղի էր ունեցել շատ ավելի վաղուց, 1996-1998 թվականներին: Մենք չգնացինք այդ ճանապարհով եւ ձեզ հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշում կայացվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով եւ 44-օրյա պատերազմը մեկնարկեց:

Հարց ասելով նկատի ունեմ Հայաստանի հարցը, որովհետեւ ԼՂ հարցը վաղուց լուծվել էր, մնում էր լուծել Հայաստանի հարցը, մասնավորապես, երկրի ներսում քաղաքացիական բախումների եւ ռազմական հեղաշրջումների ճանապարհով:

Այս սցենարը գործարկելի էր նաեւ 44-օրյա պատերազմից առաջ եւ այն գործարկելու փորձ արվեց 44-օրյա պատերազմի ավարտին եւ դրանից հետո:

Բայց ՀՀ կառավարության ուղերձների ժողովրդական ընկալումը, այդ ուղերձների վրա հիմնված ժողովրդական զգոնությունը եւ պետականության գիտակցությունը կասեցրին դավադիր քայլերը: Իսկ մեր զինվորները կյանքի գնով պահեցին եւ պահպանեցին Հայաստանի ինքնիշխանությունն ու պետականությունը:

Մեր զինվորների կյանքի, ինչպես նաեւ պատմական Հայաստանից իրական Հայաստան սկզբից ինտուիտիվ, ապա հստակ գիտակցված հայեցակարգային անցման շնորհիվ է, որ մենք պահպանում ենք մեր պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը, որովհետեւ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ն որպես անկախ պետություն վերացնելու փորձերը շարունակվել են»,-ասաց նա:

Փաշինյանը թվարկեց դրանք. «Առաջին 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա իրադարձություններն էին, որոնք ուղեցկվեցին ԱԺ բնախագահի դեմ մահափորձով, խորհրդարանի, կառավարության եւ այլ պետական հաստատությունների դեմ հարձակումներով: Իսկ ամիսներ անց՝ 2021-ի փետրվարին ռազմական հեղաշրջման տապալված փորձը տեղի ունեցավ»:

Վարչապետը նշեց, թե իրենք տեղի ունեցածից դասեր են քաղել ու պետք է լրացուցիչ մեխանիզմներ որդեգրեն Զինված ուժերի քաղաքականացման հետագա բոլոր փորձերը բացառելու համար: