Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը, որը ներկայացրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, առաջարկում է Ուկրաինային հատկացնել 60,84 միլիարդ դոլար՝ Ռուսաստանի ագրեսիային հակազդելու գործում նրան աջակցելու համար, այդ թվում՝ 23,2 միլիարդ դոլար՝ ամերիկյան զենքի պաշարները համալրելու համար:

Ջոնսոնն ավելի վաղ պարզաբանել էր, որ Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը նախատեսում է հրաժարում զենքի անշահախնդիր փոխանցումից և ներառում է վարկային կառուցվածք:

Ուկրաինայի օգնության օրինագիծը կդիտարկվի առանձին՝ Իսրայելին և ԱՄՆ դաշնակիցներին հնդկախաղօվկիանոսյան տարածաշրջանում օգնություն տրամադրելուց՝ ի տարբերություն Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի կողմից հաստատված նախնական տարբերակի: Իսրայելին աջակցելու համար առաջարկվում է հատկացնել 26,38 մլրդ դոլար, իսկ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կարիքներին աջակցելու համար՝ 8,12 մլրդ դոլար։

Սպասվում է, որ չորս օրինագծերից յուրաքանչյուրի քվեարկությունը տեղի կունենա շաբաթ երեկոյան (երեքն արդեն ներկայացվել են օրենսդիրներին, իսկ չորրորդը, որը վերաբերում է Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին հակազդելուն, կներկայացվի Պալատ այսօր ավելի ուշ):

Այսպիսով, Ներկայացուցիչների պալատն ականջալուր է եղել Թրամփի ծայրահեղ աջ կողմնակիցների՝ օրինագծերն առանձին դիտարկելու պահանջին:

Սակայն վերջնական արդյունքը, ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների, կմիավորվի մեկ մեծ փաթեթի մեջ, որը կուղարկվի Սենատ՝ հաստատման, քանի որ դեմոկրատները, որպես իրենց աջակցության պայման, դա են պնդում։