Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերի կոմիտեն սկսել է քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ։ Կոմիտեի նիստն ուղիղ եթերում հեռարձակվում է օրենսդրական մարմնի կայքում։

Զեկուցողը խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն է։ Նիստին ներկա են նաեւ ընդդիմության ներկայացուցիչները։ Կանոնակարգի համաձայն՝ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ դիտարկելու են օրինագիծն ըստ կետերի եւ անհրաժեշտ փոփոխություններ են կատարելու։

Խորհրդարանում գործում է անվտանգության դեղին մակարդակ՝ սադրանքներից խուսափելու նպատակով։ Կոմիտեի նիստին թույլատրել են մասնակցել միայն հեռուստաալիքների ներկայացուցիչներին։ Այլ լրագրողների թույլտվությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Երբ կոմիտեն հաստատի օրինագիծը, այն կդրվի քվեարկության լիագումար նիստում։ Ստույգ օրը առայժմ սահմանված չէ։

Վրաստանի խորհրդարանը ապրիլի 17-ին առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որի դեմ են արտահայտվել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը եւ արեւմտյան դիվանագետները, որոնք դրանում խոչընդոտ են տեսել Եվրամիությանը հանրապետության ինտեգրման համար։ Ապրիլի 15-ից Թբիլիսիում ընդդիմությունը եւ քաղաքացիական ակտիվիստները հանրահավաքներ են իրականացնում օրինագծի դեմ։

Նման հանրահավաքներից մեկը՝ մի քանի հազար մարդու մասնակցությամբ, տեղի ունեցավ կիրակի եւ վերաճեց բախումների ոստիկանության հետ։ Իրավակարգի պահապանները ստիպված էին պղպեղի գազ օգտագործել։ Բախումների ժամանակ բերման է ենթարկվել Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան կառույցների ինտեգրման հարցերի գծով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին։