Կիրանցի բնակիչներից մի մասը, որոնք գնացել էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ փակ հանդիպման, հայտարարեցին, որ մարզպետը որևէ նոր բան չի ասում, միայն պահանջում է ճանապարհը բացել։

«Ինչպես ժողովրդին խաբում էին, նույնը հիմա շարունակում են, խաբելով ամեն ինչ առաջ տանեն, Ոսկեպարում ուրիշ բան ասեն, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ։ Ստի ու կեղծիքի վրա է հիմնված ամեն ինչ։ Ասում էր՝ ճանապարհը բացեք»,-նշեց բնակիչներից մեկը, ով ևս մասնակցում էր մարզպետի հետ հանդիպմանը։

Նա նշեց՝ քանի որ ոչ մի երաշխիք չկա, դրա համար էլ ժողովուրդը ինքնաբուխ դուրս է եկել և փակել ճանապարհը։

«Պետք է ժողովուրդն արթնանա, կորցնում ենք հայրենիքը, Ալիևի քմահաճույքներով մինչև երբ պետք է գնանք, էսօր Կիրանցն ա ուզում, վաղը Դիլիջանը կուզի, մյուս օրը՝ Երևանը․․․ ես չեմ վախենում, ով չի վախենում թող գա իմ կողքին կանգնի»,-ասաց նա։

Նշենք, որ Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել, հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։

Այսօր առավոտից էլ Կիրանցի բնակիչներն են փակել ճանապարհը:

Մարդիկ են հավաքվել Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին: