Շատ ուրախ եմ, որ կարողացանք օլիմպիական ուղեգիր նվաճել: Ռիմինի գալու հաջորդ օրը ուսի վնասվածք ստացավ: Մարզիչի հորդորը եղավ բաց թողնել Եվրոպայի առաջնությունը, ռիսկի չգնալ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում Ռիմինիում ասաց Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Օլիմպիական ուղեգիր նվաճած Վահագն Դավթյանը:

Օղակների վարժության Հայաստանի հավաքականի առաջատարը վնասվածքի պատճառով բաց թողեց Եվրոպայի առաջնությունը, սակայն ժամանել էր Ռիմինի եւ պատրաստ էր պայքարին:

«Օլիմպիական ուղեգիր նվաճելու փորձս առաջին անգամ չէր: Մարմնամարզությունում, այն էլ առանձին գործիքում շատ դժվար է օլիմպիական ուղեգիր նվաճել: Այս տարվա կանոնադրության համաձայն, աշխարհի գավաթի փուլերով ունեինք հնարավորություն պայքարել ուղեգրի համար: Ամեն գործիքի վրա ուղեգիր նվաճում էին աշխարհի գավաթի փուլերում լավագույն արդյունք ցույց տված մարզիկները: Տոկիո-2020-ում կանոններն այլ էին:

Աշխարհի գավաթի խաղարկության փուլերում միայն ուղեգիր էինք ցանկանում: Ես եւ Հարություն Մերդինյանը շատ էինք ուզում ուղեգիր նվաճել:

Ամեն դեպքում շատ ուրախալի է, որ գոնե մեկ ուղեգիր կարողացանք նվաճել:

Եվրոպայի առաջնությունը բաց թողեցի վնասվածքի պատճառով: Անկեղծ կլինեմ, անակնկալ վնասվածք ստացա: Ես պետք է մասնակցեի Եվրոպայի առաջնությանը, բայց այստեղ՝ Ռիմինիում, մեր գալու հաջորդ օրը նախավարժանքի ժամանակ ուսս ցավացրի: Մարզիչներով եւ բոլորով նպատակահարմար գտանք չմասնակցել Եվրոպայի առաջնությանը: Մեր մարզիչի հորդորը եղավ չմասնակցել, քանի որ առջեւում շատ կարեւոր եւ լուրջ մրցաշար ունեմ: Եվրոպայի առաջնությանը մասնակցելու դեպքում հնարավոր էր՝ վնասվածքը շատ ավելի խորանար, եւ ես չհասցնեի վերականգնվել մինչեւ Օլիմպիական խաղեր: Որոշում կայացրեցինք, վերադառնալ Հայաստան, բուժզննում անցնել, բուժվել, վերականգնվել եւ պատրաստվել Օլիմպիական խաղերին»,- ասաց Վահագն Դավթյանը:

Ապրիլի 19-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված աշխարհի գավաթի մրցաշարում Վահագն Դավթյանը օղակների վարժությունում նվաճեց ոսկե մեդալ եւ օլիմպիական ուղեգիր։

Աշխարհի գավաթի նախորդ 2 փուլերից հետո Վահագն Դավթյանին օլիմպիական ուղեգրի համար պակասում էր չնչին միավորներ եւ միայն ոսկե մեդալ նվաճելու դեպքում կարող էր Փարիզ-2024-ի ուղեգրի արժանանալ։ 35-ամյա Դավթյանը Փարիզ-2024-ի մարմնամարզության օլիմպիական մրցաշարում կլինի Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը Արթուր Դավթյանի հետ։