ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Ադրբեջանին հնարավորություն տալ վերադարձնել նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի զոհերի մարմինները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Շփման գծում արձանագրված միջադեպից մեկ շաբաթ անց միջնորդները այս հարցի շուրջ արդեն երկրորդ հայտարարությունն են տարածել, որում ընդգծում են.

«Խորապես մտահոգված ենք, որ ադրբեջանական ուժերի կողմից կործանված ռազմական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցք չի ստեղծվել»: Միջնորդները նշում են, որ հայկական ուղղաթիռի բեկորներն ընկած են Շփման գծի չեզոք հատվածի խիտ ականապատ տարածքում:

«Կոչ ենք անում կողմերին դադարեցնել կրակահերթերը դեպքի վայրի մերձակայքում եւ նպաստել շրջակա տարածքի ականազերծմանը», - հայտարարում են միջնորդներն ու հիշեցնում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ` 2010 թ. Աստրախանում ընդունած հայտարարությունը. - «Այդ փաստաթղթի ոգուն համահունչ` հորդորում ենք Ադրբեջանին հնարավորություն տալ մոտենալ ուղղաթիռի անձնակազմին, Հայաստանին` լիովին համագործակցել եւ ներդնել բոլոր ջանքերը` մարդասիրական այս խնդիրը լուծելու համար»:

Փաստելով, որ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն իր թիմով այժմ գտնվում է տարածաշրջանում, Մինսկի խմբի միջնորդները քաջալերում են կողմերին օգտագործել նրա առաքելությունը` ուղղաթիռի անկման վայր մուտքն ապահովելու համար: