Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021 թվականի մայիսի 12-ին. Ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ ՀՀ ԱԺ-ն լուծարված էր, կառավարությունը հրաժարական տված՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով, Ադրբեջանի զինված ուժերը Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն ժամանակ կային ուժեր, որ մեզնից պահանջում էին ռազմական գործողություններ սկսել, որպեսզի ինչպես իրենք էին ասում, ՀԱՊԿ-ը գա մեզ օգնության: Նրանց պատկերացմամբ առանց ռազմական գործողությունների ՀԱՊԿ-ը չէր կարող նման բան անել, չնայած ՀԱՊԿ-ի դե յուրե ձևակերպված պարտավորությունները բոլորովին այլ բանի մասին էին վկայում»,-ասաց նա:

Նրա խոսքով, ավելի ուշ պարզվեց, որ ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով փաստացի ՀՀ-ին դուրս է դնում անվտանգային երաշխիքների իր համակարգից:

«Եթե Կառավարությունը տուրք տար էմոցիաներին և նման շեշտադրումներին, իրադարձությունները կարող էին ընթանալ հետեւյալ սցենարով. ռազմական գործողությունների ծավալում ՀՀ ինքնիշխան տարածքների խորքում, ընտրությունների չկայացում, ընտրվածիշխանության բացակայություն, ՀԱՊԿ ոչ թե դաշնակիցների, այլ խաղաղապահների ծավալում, ապա դրածո իշխանության ձեւավորում եւ ՀՀ պետականության փաստացի լուծարում:

Բայց ՀՀ ժողովուրդը բացառիկ պետականակենտրոնությունցուցաբերեց եւ արձագանքեց կառավարության եւ իշխող մեծամասնության կոչերին: Այդ դժվարին պայմաններում մենք կարողացանք ունենալ ընտրություններ, որոնք միջազգայինորեն գնահատվեցին որպես ազատ և ժողովրդավարական:

Բացի այդ, ի հեճուկս բոլոր կանխատեսումների, ժողովուրդն իր վստահության քվեն տվեց 2018 թվականին ժողովրդավարական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն առաջնորդած քաղաքական ուժին: Սրանով, փաստորեն, վստահության մանդատ ստացավ իրական Հայաստանը: ՀՀ ժողովուրդը հենց այս ռազմավարությունը որդեգրեց:

Իրական Հայաստանի դե յուրե վերահաստատումը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի բերումով, երբ հասկանալի դարձավ, որ 1996 և 1998 թվականներին մեր վզին գցված վզկապով մեզ քարշ են տալիս դեպի կառափնարան՝ գլխատելու մեր պետականությունն ու անկախությունը»,-հավելեց վարչապետը:

Նրա խոսքով, այդ ժամանակ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ընթացքում կայացվեցին կարևոր որոշումներ՝ այն է, Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հնչակագրի հիման վրա և համաձայնեցին սահմանազատումն իրականացնել ՝ հիմնվելով այդ հնչակագրի վրա:

«Չափազանց կարևոր է, որ Ադրբեջանի նախագահը վերջերս վերահաստատեց իր հավատարմությունը Պրահայի պայմանավորվածություններին և Ալմա-Աթայի հռչակագրին: Սա կարող է երկարաժամկետ խաղաղության և կայունության հիմք դառնալ և մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով»,- ընդգծեց Փաշինյանը: