Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդների հետ համատեղ որոշում ընդունեց չերկարաձգել հրադադարի ռեժիմը երկրի արևելքում: 

Դեռևս հունիսի 20-ին սահմանված հրադադրի ռեժիմը, որը համաձայնեցվել էր Պորոշոնկոյի և անջատողականների միջև, վերջերս երկարաձգվեց ևս 3 օրով՝ մինչև հունիսի 30-ը: Սակայն երկու կողմերը շարունակաբար մեղադրում էին միմյանց այս ռեժիմը խախտելու մեջ: 

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ նախագահի խոսքերով, Ուկրաինայում տիրող իրավիճակի խաղաղ հարթեցման անհնարինության պատճառ հանդիսացան ռուսամետ անջատողականների «հանցավոր գործողությունները»: Ժողովրդին ուղղված խոսքում Պորոշոնկոն մասնավորապես ասել է.

«Մենք կհարձակվենք և կազատենք մեր հողերը: Հրադադարի ռեժիմի չերկարաձգումը դա մեր պատասխանն է ահաբեկիչներին, զինյալներին և բոլոր նրանց, ովքեր ծաղրում են խաղաղ բնակչությանը, ովքեր կաթվածահար են անում տարածաշրջանի տնտեսության աշխատանքը, ում պատճառով չեն վճարվում աշխատավարձերը, թոշակները, կրթաթոշակները, ովքեր պայթեցնում են երկաթգծերը, ոչնչացնում ջրատարները, ովքեր զրկել են մարդկանց բնական խաղաղ կյանքից»: