2012 թվականից մինչեւ օրս ՀՀ յուրաքանչյուր վարորդ արագաչափերի եւ տեսախցիկների տվյալների հիման վրա կազմված արձանագրություններով վճարել է միջինը 70 հազար դրամ:

Հայաստանում չկա ոչ մի վարորդ, որ արագաչափերի եւ տեսախցիկների կողմից չի տուգանվել՝ առնվազն մի քանի անգամ (միջինը յոթ անգամ):

Բոլոր նրանք, ովքեր նորմալ են համարում այս թվաբանությունը նշանակում է, պիտի ընդունեն, որ Հայաստանում բնականոն երթեւեկություն չկա եւ մեր ճանապարհներին տիրում է համատարած քաոս:

Սա էլ նշանակում է՝ երթեւեկության կազմակերպման համար պատասխանատու պաշտոյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության, որովհետեւ՝

- կամ վարորդական իրավունք են տվել մարդկանց, որ պիտի չտային,

- կամ երթեւեկությունը կազմակերպում են այնպես, որ հնարավոր չլինի կարգապահությունը,

- կամ էլ ոստիկանությունն առաջնորդվում է վարորդների «գրպանը պլան գցելու եւ բռնելու» տրամաբանությամբ:

Ի դեպ, արագաչափերի պատժողական քաղաքականության արդյունքում խախտումների քանակը տարեցտարի ավելանում է, ընդ որում՝ երկրաչափական պրոգրեսիայով:
Ստացվում է՝ որքան շատ են տուգանում, այնքան շատ են խախտում:

Սա նշանակում է, որ երթեւեկության կանոնների խախտումները կանխարգելելու պետության ընթացիկ քաղաքականությունը անարդյունավետ է: Կամ էլ՝ վարվող քաղաքականության միակ նպատակը մարդկանց հարստահարելն է:

Արագաչափերն ու տեսախցիկները սպասարկող «Սիքյուրիտի դրիմ» ընկերությունը 2012 թվականից մինչ օրս տուգանքների դիմաց գանձված գումարներից ստացել է 10-12 միլիարդ դրամ:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է Նիկոլ Փաշինյանը

Մեջբերենք նաև հատված նշված հոդվածից. «2012 թվականից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը, արագաչափերով եւ երթեւեկությանը հետեւող տեսախցիկներով կայացվել է վարորդներին տուգանելու 2 միլիոն 536 հազար 212 որոշում:

Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հայաստանցի վարորդ տուգանվել է միջինը յոթ անգամ»: