Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ աղետալի ՃՏՊ, որը ցնցեց հայ հասարակությանը: Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվեց նաև 10-րդ քաղաքացին:

Քննարկվում էր տեղի ունեցած ՃՏՊ-ի 2 պատճառ՝ տեխնիկական անսարքություն կամ վարորդի ղեկին քնելու տարբերակը: Բոլորի ուշադրությունը սևեռվեց երթուղին սպասարկող «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ի վրա, որի սեփականատերն է Արթուր Հարությունյանը՝ նույն ինքը Պալաչը: Հայտարարվեց, որ ստեղծվել է պետական հանձնաժողով, որն էլ Գագիկ Բեգլարյանի ղեկավարությամբ մեկնեց ՌԴ:

Սակայն, նույն պաշտոնյաների աչքից վրիպում է ՀՀ միջքաղաքային ճանապարհները սպասարկող ավտոբուսներում տիրող իրավիճակը, սպասարկման որակը և գերբեռնվածության աստիճանը: Որպես օրինակ բերենք Չարենցավան-Երևան երթուղու ավտոբուսները: Առավոտյան 22 նստատեղ ունեցող ավտոբուսի մեջ տեղավորվում է 40-45 մարդ: Ուսանողները, աշխատողները և մյուս քաղաքացիները շտապում են հասնել իրենց նշանակետին՝ անտեսելով անվտանգության կանոնները: Այս կանոնները, սակայն, առաջին հերթին անտեսվում է վարորդի, երթուղին սպասարկող ընկերության պատասխանատուի, վերահսկողություն իրականացնող համապատասխան գերատեսչության պատասխանատուի կողմից:

Կցված լուսանկարը արված է հենց Չարենցավան-Երևան երթուղու ավտոբուսում: Բավական բարդ է հասկանալ, թե ով, որտեղ և ինչ դիրքով է նստած: Թե ինչպես են վարորդի կողքին տեղավորվել այսքան մարդ, մնում է անբացատրելի:

Կարևոր հանգամանք. տվյալ երթուղին ևս սպասարկում է հայտնի «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ն: Այսպիսով ոլորտի պատասխանատուների՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության երթուղու վարչության պետ Արսեն Մկրտչյանի և մյուսների ուշադրությունը հրավիրում ենք տվյալ խնդրի վրա՝ ակնկալելով համապատասխան լուծում:

Պետք չէ սպասել հերթական ողվբերգության տեղի ունենալուն, հետո միայն քայլեր ձեռնարկել: Անհրաժեշտ է ժամանակին կանխել հնարավոր վտանգը:

Նշենք, որ նույն խնդիրը առկա է նաև ներքաղաքային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում, տարբերությամբ, որ այն շարժվում է քաղաքի ներսում և անցնում համեմատաբար փոքր տարածք: