«Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի պատասխանները News.am-ի թղթակցի հարցերին, մեղմ ասած, տարօրինակ մեկնաբանություններ են ստացել: Ոստիկանության մարզային վարչության պետի հավաստումը, որ Գյումրիում նախատեսված հանրահավաքի ժամանակ «հասարակական կարգի խախտում, արտառոց անշնորհք բաներ, հանցագործության դեպքեր» լինելու պարագայում «ոստիկանությունը իր ամբողջ պոտենցիալը կկիրառի», որովհետև «յուրաքանչյուր քաղաքական, տնտեսական, արդարացի կամ անարդարացի պահանջ հարկավոր է ներկայացնել քաղաքակիրթ ձևով, ոչ թե գոռալ, գոչել, առավել ևս՝ հասարակական կարգ խանգարել», չգիտես ինչու այլ կերպ է ընկալվել»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը և շարունակում.

«Բայց ի՞նչն է այդ պարզաբանման մեջ անհասկանալի կամ զարմանալի. որ ոստիկանությունը պետք է հասարակական կա՞րգ պահպանի զանգվածային միջոցառման ժամանակ, որ ոստիկանը պետք է կանխարգելի՞ հանցագործության դեպքը, կարգի հրավիրի օրինախախտի՞ն: Ինչո՞ւ է ոստիկանության գործառույթների այս պարզ թվարկումը վրդովմունք հարուցել: Ո՞ւր է այստեղ սպառնալիքը:

Չեմ ուզում մտածել, թե կան մարդիկ ովքեր հակված են խանգարել կարգը և դրա համար են զայրացել Նադարյանի «կանխատեսումից»: Քավ լիցի: Հակառակը, ուզում եմ մտածել, որ պարզապես ճիշտ չեն ընկալել՝ ինչ նկատի ունի մարզային վարչության պետը: Անհասկանալի է նաև, որ երբեմն ոստիկանության ներկայացուցչի խոսքը ընկալում են սպառնալիք, այլ ոչ թե հորդոր ՝ ուղղված սթափությունը, ուշքը, զգոնությունը կորցրածներին, որպիսին չեն, խորապես համոզված եմ, խնդրո առարկա հանրահավաքի կազմակերպիչներն ու ապագա մասնակիցները»:

Հիշեցնենք նաև, որ Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի հայտարարությունը վրդովմունք էր առաջացրել նաև ՀՀ ԱԺ որոշ պատգամավորների մոտ: