Հետևելով վերջին շրջանում լրահոսում տեղ գտած ադրբեջանական բարբաջանքներին, որոնք, ցավոք, երբեմն օգտագործում են նաև հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, տպավորություն է ստեղծվում, որ հարևան երկրում մրցույթ է հայտարարված` թե ով լավագույն սուտն ու կեղծիքը կհորինի հայ ժողովրդի, մեր զինված ուժերի, տնտեսության և ընդհանրապես այն ամենի մասին, ինչն առնչվում է Հայաստանին: 

Վերջին «գոհարը» հունիսի 3-ին հրապարակել է ադրբեջանական դեյ.ազ-ը: «Հայերը Նախիջևանի վրա քիմիական հարձակման են պատրաստվում» հոդվում, հերթական անգամ փորձ է արվում հասարակության ուշադրությունը շեղել վերջին շրջանում առանձնակի ակտիվությամբ առաջնագծում իրականացվող տարաբնույթ սադրիչ օպերացիաների ձախողման իրական պատճառներից և հայկական կողմին մեղադրել «անմարդկային հանցագործութունների» մեջ: Պատերազմի քարոզչություն ու անկայուն իրավիճակներ հրահրող հայտարարությունները առավել սուր բնույթ են կրում: Հարևան երկրի գրչակները հերթական հորինվածքում նշում են իբր Հայաստանում տիրող խուճապային ինչ-որ իրավիճակի մասին և որ իբր հայերը միջոցներ են փնտրում Ադրբեջանի դեմ սադրանքներ գործելու համար: Միջոցներից մեկն էլ, պարզվում է, այն է, թե իբր Արարատի ոսկու հարստացման կոմբինատը զորամասերին տակառներով հանքարդյունաբերության մեջ օգտագործվող քիմիական նյութի մնացորդներ է տրամադրում, և մեր հարևանները մտահոգված են, որ այդ քիմիական նութերը կարող են օգտագործվել ռազմական նպատակներով, Արաքս գետով կարող է հասնեն Նախիջան և այլն:

Պարզորոշ կերպով նկատելի է, որ Ադրբեջանից հնչող հայտարարություններում գերիշխում են ձևակերպումներ, որոնք, որպես կանոն, հեռու են տրամաբանությունից: Նախ. Ի տարբերություն Ադրբեջանի` հայկական կողմը երբևէ չի դիմում սադրիչ գործողությունների: ՀՀ զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն պաշտպանում են հայրենի եզերքը և անառիկ պահում հայրենիքի սահմանները: Հայ զինվորը չի կարող սպառնալ խաղաղ բնակչության անվտանգությանը` այն պարզ պատճառով, որ հայ զինվորը մարդասպան և ահաբեկիչ չէ: Հայ զինվորին և հրամանատարին չի հրահանգվում «առավել դաժան լինել հակառակորդի նկատմամբ», ինչպես օրերս իր ենթականերին հանձնարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

Ի դեպ, Զաքիր Հասանովի այս հայտարարությունը սխալ և երկրի վարած քաղաքականությանը հակասող են անվանել հենց Ադրբեջանի վերլուծաբանները, Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերենլին հայտարարել է. «Որպես կանոն, իշխանությունները նման քայլերի են դիմում ժողովրդավարության, մարդու իրավունքների բնագավառում ճնշումների, շփման գծում իրավիճակի լարվելու ժամանակ: Ցանկացած դեպքում` խաղաղությանը կողմնակից երկրի նախարարը չպետք է խոսի դիակներից և դաժանություններից»:

Զարմանալու ոչին չկա, սեփական ժողովրդին ամեն օր
հարևան երկրի պարագլուխները հրահրում են հայատյացության, ստեղծում ինչ-որ «միֆեր»: Թե միջազգային կառույցները, թե վերլուծաբանները բազմից նշել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը հանդիսանում է պաշտոնական Բաքվի ռազմատենչ քաղաքականությունը և առաջնագծում իրականացվող սադրիչ գործողությունները: Պարզ է, որ Ադրբեջանի նպատակն է լարվածության մեջ պահել իրավիճակը շփման գծում և տարածաշրջանում, վերջնականապես ձախողել բանակցային գործընթացը:

Եվ թե` սեփական ժողովրդի, թե միջազգային հանրության առջև արդարանալու նպատակով Իլհամի վարչակարգը դաշտ է նետում նման հիմարություններ, ինչը ցավոք երբեմն կրկնում են նաև մեր մամուլը:

Իսկ միջազգային կառույցները և հանրությունը պետք է գիտակցեն, որ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի քաղաքականությունը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների: Հենց նույն Նախիջևանում միայն 2014թ-ին եռակի անգամ ավելացել է զինատեխնիկայի և սպառազինության քանակը: Ձեռք են բերվել և Հայսատանի հետ սահմանին տեղադրվել են նաև կենդանի ուժի զանգվածային ոչնչացման համար նախատեսված զինատեսակներ և միջոցներ: Դժվար չէ կռահել, թե ում դեմ է զինվում իր ժողովրդի մասին մտահոգ Ադրբեջանը:

Իսկ մեզ մնում է զգոն լինել և հայտնի ասացվածքի նման` «վառոդը տակառներում չոր պահել»:

Դավիթ Սոֆիյան