Մեր ինքնիշխանության եւ պետականության զարգացման հետագա գրավականը հարաբերությունների կարգավորումն է մեր հարեւանների հետ ոչ թե պատմական, այլ իրական Հայաստանի շահերի գիտակցման հիման վրա: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ քաղաքականությունը մարտահրավերներ ունի, որոնցից առաջինը Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ քաղաքականությունն է, որն արտահայտվում է սադրանքներով, ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիայով, սպառազինությունների տասնյակ միլիարդների հասնող ձեռքբերումներով: Դրա անբաժանելի մաս են Ադրբեջանի հայտարարությունները Հայաստանի բանակի բարեփոխումների, պաշտպանական նոր կառույցների ձեւավորման, զինամթերքի ձեռքբերումների մասին: Այսինքն Ադրբեջանի կանխավարկածը ո՞րն է, որ ՀՀ-ն սեփական երկիրը պաշտպանելու ընդունակ բանակ չպետք է ունենա՞: Մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է: Մյուս կողմից մենք էլ ենք կարծում, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք սադրելը լավ տեղ չի կարող տանել:

Բայց իրականությունն այն է, որ մենք չենք ուզում Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել: Իսկ եթե Ադրբեջանն այդպես չի մտածում, մենք ասյ դեպքի համար էլ առաջարկ ունենք՝ ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, իրականացնել զորքերի հայելային հետքաշում սահմանային գծից, ինչն ի դեպ, կլուծի եւ Ադրբեջանի բարձրաձայնած 4 գյուղերի, եւ մեր 31 գյուղերի հարցերը: Իրականացնել սահմանային հատվածների պառազմականացում եւ ամբողջ սահմանի պահպանությունը հանձնել սահմանապահ զորքերին:

Այս բոլոր առաջարկություններն անարձագանք են մնում Ադրբեջանի կողմից: հույս ունենք դրական արձագանք ստանալ խաղաղության պայմանագրի մեր 8-րդ խմբագրմանը, որն Ադրբեջանին է փոխանցվել մարտի 14-ին: Հույս ունեմ, որ հայկական Բաղանիս, ադրբեջանական Բաղանիս-Այրում, հայկական Ոսկեպար, ադրբեջանական Աշաղա-Ասկիպարա, հայկական Կիրանց, ադրբեջանական Խեյրեմլի, հայկական Բերքաբեր, ադրբեջանական Կիզիմ-Հաջիլի գյուղերի հատվածում սահմանազատման հարցում կգանք համաձայնության, եթե ոչ ամբողջական, ապա հատվածական, ինչը էականորեն կփոխի մթնոլորտը մեր տարածաշրջանում»,- հայտարարեց ՀՀ վարչապետը: