Այսօր Խորհրդարանում անցկացվում են «Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով լսումները: Դրանք սկսվեցին լարված մթնոլորտում, քանի որ դահլիճը փոքր էր, ինչպես նաև որոշ պատգամավորների, բացի աշխատանքային պայմաններից, չէր բավարարում նաև ընթացակարգը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սկզբում առաջարկեց լսումներն անցկացնել նիստերի դահլիճում: Միջամտեց նաև ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ում չէր բավարարում ընթացակարգը. «Նախատեսված չեն ելույթներ, կարող է՝ հարց եմ տալիս, և հետո չի բավարարում պատասխանը: Մեկ ժամ 20 րոպեում նման լրջագույն հարց քննարկել...»,- ասաց նա:

Բողոքի ձայն բարձրացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ ասելով, թե պետք չէ ողբերգությունը շոու դարձնել:

«Հանրապետական» պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նույնպես միջամտեց՝ ասելով. «Եկեք առաջնայինը երկրորդայինից տարբերենք, շարունակենք քննարկումները: Ով ցանկություն ունի արտահայտվելու, կունենա այդ հնարավորությունը»:

Հովհաննես Սահակյանն առաջարկեց, որ մինչև վերջին հարցը չքննարկեն, դահլիճը չեն լքի: Պատգմավորն առաջարկը բավարարվեց, և նիստը սկսվեց: