ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացահայտվել եւ կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք: Այս մասին հաղորդում է ԱԱԾ-ն։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Հ.Ղ-ն եւ Ա.Ղ-ն, Իրանի Իսլամական Հանրապետության ինքնությունը դեռեւս չպարզաբանված մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, պատրաստվում են Երեւան- Եղեգնաձոր միջպետական ճանապարհին գտնվող թաքստոցից՝ իրացնելու նպատակով ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ. օգոստոսի 20-ին Հ.Ղ-ն եւ Ա.Ղ-ն, վերջինիս կողմից շահագործվող «Վազ 217230» մակնիշի ավտոմեքենայով, Երեւան-Եղեգնաձոր միջպետական ճանապարհին, Իրանի Իսլամական Հանրապետության ինքնությունը դեռեւս չպարզաբանված քաղաքացու մատնանշած կոնկրետ թաքստոցից, վերցրել են նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրանյութերի խմբաքանակը եւ ուղեւորվել ք.Երեւան։ Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Արտաշատ քաղաքի մոտակայքում ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Հ.Ղ-ն եւ Ա.Ղ-ն ձերբակալվել են:

Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք, որտեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է մոտ կես կիլոգրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով լցված փաթեթ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 396-րդ հոդվածի 3-րդ մասով, 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, Հ.Ղ-ն եւ Ա.Ղ-ն կալանավորվել են։

Նախաքննությունը շարունակվում է: