Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայի վարած քաղաքականության առանձնահատկությանների, միջազգային ճանաչման և սպասելիքների մասին զրուցեցինք թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ։

Վերջերս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունները, նաև քրդական ժողովրդի ղեկավար Աբդուլլահ Օջալանի բաց նամակը հայ ժողովրդին ակնհայտորեն փորձ ունեին ճնշումներ իրականացնելու Թուրքիայի վրա։ Մի կողմից այս հանգամանքը, մյուս կողմից՝ Թուրքիայի ներքին խառնակ իրադրությունը, ինչքանո՞վ են ի զորու փոխելու Թուրքիայի վարած քաղաքականությունը ցեղասպանության ժխտման ավանդույթներում։

Հայտարարությունները չեն կարող կերտել քաղաքականություն։ Մեզ պետք են կոնկրետ քայլեր։ Նախ, կուզենայի որոշակի նկատառում անել Մերկելի արած հայտարաության մասին․ Մերկելի և Էրդողանի առանձնազրույցը եղել է փակ դռների հետևում և մեզ հասած ինֆորմացիան ներկայացրել է թուրքական մի պարբերական՝ հղում տալով իր աղբյուրին․ խոսակցության իրողությունը մենք չենք կարող իմանալ, այդ իսկ պատճառով ես զերծ կմնամ Մերկելի արտահայտությունները մեկնաբանելուց։ Օլանդի դեպքում դա այլ է․ բաց ասուլիս էր, որը լսել ենք բոլորս։ Ինչևէ, նման հայտարարոթյունները նորություններ չեն, սա լծակ է երկրների ձեռքին Թուրքիայի վրա ճնշում իրականացնելու համար․ օրինակ՝ Թուրքիայի ԵՄ անդամակցության հիմնական հակառակորդներից Նիկոլա Սարկոզիի իշխանությունը մշտապես օգտագործել է այս իրողությունը։ Բնականաբար ցեղասպանության մասին բոլորը հիշում են ընտրություններից առաջ /ԱՄՆ, Ֆրանսիա և այլն/, սա ամենապարզ մեթոդն է դարձել ընտրազանգված հավաքելու համար, ոչինչ ավելին։ Թուրքիայի նկատմամբ ճնշում կատարելը չի կարող փոխել Թուրքիայի վարած քաղաքականությունը, առավել ևս պետական շահը, այդ ամենը պարզապես քաղաքականություն է։

Այսօր հայկական կողմը ձգտում է հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, մասնավորապես, որ 2015 թվականը հանդիսանում ցեղասպանության 100ամյա տարելիցը, բայց ի՞նչ է մեզ տալու այդ ճանաչումը։

Մենք մշտապես պետք է տանք այդ հարցը մեզ։ Մեզ պետք չի սոսկ ճանաչում, մեզ անհրաժեշտ է այս հարցը մտցնել միջազգային իրավական դաշտ․ վերանայել բոլոր հնարավոր իրավական ակտերը, պայամանագրերն ու համաձայնագրերը, որոնք թեկուզ մինիլմալ ձևով, բայց առնչվում են այս ողբերգական իրադարձություներին։ Մեզ առաջին հերթին պետք է ցեղասպանության հետևանքների վերացում․ նյութական փոխհատուցում և տարածքների վերադարձ։ Իսկ միջազգային ճանաչումը չի կարող դա ապահովել, չի կարող պարտադրել նման քաղաքականություն․ այն ժամանակ, երբ 2-3 միլիոն բնակչություն ունեցող պետությունը կանգնած է 70 միլիոն բնակչություն ունեցող պետության առաջ, որը ունի լուրջ ռազմական կարողություններ։ Իսկ իրավական դաշտում գործող սուբյեկտների հավասարություն ապահովելը հնարավոր է։ Իրավական դաշտում Թուրքիան այդքան հանգիստ չի կարող լինել։

Լավ, իսկ եթե դիտարկենք հետևյալ տեսանկյունից․ Թուրքիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, կատարվում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավում, չի՞ կարող դա շրջվել մեր դեմ՝ հանգեցնելով տնտեսական և հնարավոր մշակութային էքսպանսիայի։

Դրա վտանգը կա, նույնիսկ այսօր, Թուրքիան փորձում է իր ազդեցությունը տարածել հարևան բոլոր պետությունների վրա։ Թուրքիան, ընդհանուր առմամբ, պայքարում է շուկաների համար. Հայաստանը փոքր շուկա է, եթե մենք ունենայինք ավելի մեծ շուկա, ապա ուշադրությունը ավելի մեծ կլիներ և վարվող քաղաքականությունը առավել ակնհայտ կլիներ։

Իսկ մենք մեկ միասնական պահանջ ունե՞նք, վերջիվերջո ի՞նչ ենք մենք ուզում։

Չեմ կարող ասել, որ հասարակական շրջանակներում կա այդպիսին։ Այս առումով մենք լուրջ կարիք ունենք փոխելու մեր մարտավորությունը։ Գումարներ պետք է ներդրվեն իրավական դաշտում՝ միջազգային իրավունքի լավագույն մասնագետներին վարձելու համար։ Մասնավորապես անհրաժեշտ է աշխատել հասարակության գիտակցության հետ՝ մեկ միասնություն ապահովելու համար։

2015 թվականը մեծ սպասումներով լի բեկումնային տարի է լինելու, ըստ ձեզ, ինչպիսի՞ սպասումներ մենք պետք է ունենանք։

2015 թվականից սպասել ճանաչման միջազգային բում, միամիտ կլինի։ Պետք են կոնկրետ գործողություններ։ Յուրաքանչյուրս պետք է աշխատի անհատապես հնարավոր բոլոր մակարդակներում․ սկսած ամենապարզ հանրային մակարդակից մինչև միջազգային դիվանագիտական մակարդակ։ Պարզապես պետք է լինենք ուժեղ ու կարողանանք հասնել մեր պատմական արդարությանը։ Ինչպես արդեն նշել եմ մեզ պետք է մարտավարական փոփոխություններ կատարել։ Թուրքիային այսօր հնարավոր է ստիպել որոշակի գործողությունների դիմել միայն միջազային օրենքի ուժով։