ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կա Երևան այցելելու հրավեր, և կա հայկական կողմի համար Ռուսաստան այցելելու պատասխան հրավեր, բայց հիմա, հավանաբար, ուղևորությունների ժամանակը չէ։

«Մենք կապի մեջ ենք նրա հետ, և հրավերը կա, և նա հրավեր ունի Ռուսաստան այցելելու, տեսնենք։ Դե, մենք բոլորս էլ հասկանում ենք, բոլորս էլ հասուն մարդիկ ենք, հասկանում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Սա Ղարաբաղի հայերի ողբերգությունն է։ Նա, հավանաբար, հիմա ժամանակ չունի ճանապարհորդելու»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայաստան մեկնելու իր պատրաստակամության մասին՝ նշելով, որ Երևանի հետ աշխատանքը չի դադարում թե՛ արտաքին գործերի նախարարության, թե՛ կառավարության տնտեսական բլոկի գծով։

«Նորմալ իրավիճակ կստեղծվի, ես կմեկնեմ այնտեղ, կամ ինքը կգա։ Ունենք մշակված, համապատասխան աշխատանքային գրաֆիկ։ Մեր բոլոր ծառայություններն աշխատում են կապի մեջ, աշխատում է և՛ ԱԳՆ-ն, և՛ կառավարության տնտեսական բլոկը, մեր աշխատանքը չի դադարում»,- նշել է ՌԴ նախագահը։