«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի դատից դժգոհ է մնացել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը և հայտարարություն է տարածել, ըստ որի Շանթ Հարությունյանի և նրա ընկերների հանդեպ կայացրած դատավճիռը ակնհայտ քաղաքական հետապնդում է:
Ստորև ներկայացված է հայտարարությունն ամբողջությամբ.
«Հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ կայացված դատավճիռն ակնհայտ քաղաքական հետապնդում է:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, քանզի այն կայացվել է ելնելով Շանթ Հարությունյանի և նրա կողմնակիցների քաղաքական հայացքներից ու այդ կերպ կոպտորեն ոտնահարվել է անձի սահմանադրական իրավունքը:
Առանձնակի ուշադրության է արժանի այն անընդունելի երևույթը, երբ քաղաքական հայացքների համար հետապնդվում է նաև Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը: Սա ևս խոսում է իշխանությունների անհանդուրժողականության դրսևորման մասին:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը նաև համարում է, որ Վոլոդյա Ավետիսյանի և Վարդան Պետրոսյանի նկատմամբ կայացված դատական վճիռները ևս ակնհայտ քաղաքական հետապնդում են:
Փաստացիորեն, ՀՀ իշխանությունների` մասնավորապես ՀՀ դատական համակարգի թեթև ձեռքով անտեսվում է ՀՀ քաղաքացիների Սահմանադրական իրավունքները:
Պետք է օր առաջ վերջ դնել այս արատավոր երևույթին, քանզի իրեն ժողովրդավար հռչակած պետության համար քաղբանտարկյալների առկայությունը պետք է անընդունելի և անհամատեղելի լինի»: