Ես այստեղ եմ նախագահ Օբամայի, Պետքարոտուղար Քերիի կողմից հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի իրադարձությունների զոհերի հիշատակին: Այդ մասին քիչ առաջ Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, պատասխանեց. «Ես դեսպան եմ ՀՀ-ում, այլ երկրների ղեկավարների հայտարարությունները թույլ տվեք չմեկնաբանել: Միգուցե Վաշինգտոնի կողմից մեկնաբանություն լինի, սակայն ես որևէ մեկնաբանություն չունեմ»:

Այնուհետև ասաց, որ մի քանի ժամից նախագահ Օբաման հայտարարությամբ հանդես կգա. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր, մի քանի ժամից, օրվա առիթով հանդես կգա հայտարարությամբ: Վստահ եմ, որ նա այս տարի ևս իր հիշատակի տուրքը կմատուցի 1,5 մլն հայ զոհերի հիշատակին, ովքեր տեղահանությունների, մահվան երթերի, ջարդերի զոհ դարձան Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Վստահ եմ, որ Օբաման կդատապարտի այս իրադարձությունները որպես 20-րդ դարի ամենավատթարագույն նախճիր: Նախագահի հայտարարությունը կլինի ուժեղ հայտարարություն,-ասաց Ջոն Հեֆֆերնը:

Հարցին, թե ինչու Թուրքիայի խորհրդարանը չի ստորագրում հայ-թուրքական արձանագրությունները՝ պատասխանեց. ««Մենք ողջունում ենք նախագահներ Սարգսյանի և Գյուլի նախաձեռնությունները: Մենք կարծում ենք, որ երկու երկրների համար էլ էական է ունենալ բաց սահմաններ և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ ձևավորել: ԱՄՆ-ն, Թուրքիայի բարեկամ երկրները շարունակում են ջանքեր գործադրել, որ դա իրականություն դառնա»: