Գաղտնիք չէ, որ մեր հայ իրականության մեջ ապրող քաղաքացիների մեծամասնությունը գտնվում են սոցիալական, մեղմ ասած, «ոչ իդեալական» պայմաններում: Նրանց կողմից կատարված աշխատանքի վարձավճարի և գոյությունը պահպանելու համար կատարվող ծախսերի միջև առկա բացը, մարդիկ փորձում են լրացնել վարկերի, փոխառնությունների, լոմբարդների կամ այլ միջոցներով:

Եվ շատ հաճախ բանկային վարկերից օգտվող մարդկանցից կարելի է լսել, որ վարկային մասնագետի կողմից նախապես նշված տոկոսադրույքը չի համապատասխանում այն գումարին, որը վճարվում է իրենց կողմից: Իրականում այս խնդիրը հորինված չէ...

Սա հիմնականում բնակչության անտեղյակության և բանկերի խորամանկության արդյունք է, որտեղ իհարկե գերիշխում է խորամանկության չափաբաժինը:

Պարզաբանենք...

Գոյություն ունի վարկի «տարեկան անվանական տոկոսադրույք» և «տարեկան փաստացի տոկոսադրույք» հասկացությունները:

Տարեկան անվանական տոկոսադրույքը վարկատուի կողմից սահմանված այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում են տոկոսավճարների մեծությունը:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը այն տոկոսադրույք է, որը ցույց է տալիս վարկի իրական արժեքը, հաշվի առնելով տոկոսավճարների կատարման հաճախականությունը և վարկի հետ կապված բոլոր ծախսերը՝ տոկոսավճարները, ինչպես նաև վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր այլ ծախսերը:

Այսինքն, եթե բանկի կայքում կամ քաղաքում փակցված գովազդային վահանակներին մեծ-մեծ թվերով գրված է՝ «24%», պետք չէ խաբնվել և վազել բանկի մոտակա մասնաճյուղ: Բացի այդ, բանկի աշխատակիցներն էլ հաստատ շատ ջանք չեն գործադրի ձեզ բացատրելու համար, թե իրականում որքան «կնստի» ձեզ վրա տվյալ վարկը: Սովորաբար 24% տոկոսադրույքով վարկը միջնորդավճարների, սպասարկման վճարների և այլ մուծումների հաշվին կաճի մի քանի տոկոսային կետով (օրինակ՝ դառնալով 32%):

Բանկերը՝ օգտվելով հիմնականում մարդկանց անիրազեկվածությունից, իրենց համար մեծ օգուտներ են քաղում: Այլ հարց է, որ հայաստանյան բանկերի կողմից առաջարկվող վարկերի տոկոսադրույքը արհեսատկանորեն չափազանց մեծացված է և առանց այն էլ վարկերի տակ «ճկռած» ժողովրդի համար դժվար է այդքան մեծ գումար վճարել բանկերի վատ սպասարկման, անփույթ աշխատանքի և այլ անհիմն ծախսերի համար: