Օրերս հայ հասարակությանը կայծակի հարվածի պես ապշեցրեցին էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման մասին լուրերը: «ՀԷՑ»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հայտ ներկայացրեց սակագինը բաձրացնելու մասին, ինչն էլ պատճառաբանվում էր «կուտակված պարտքերով», որոնք «ճոխ» ծախսերի արդյունք են: Իսկ այդ պարտքերը հարկավոր է ինչ-որ եղանակով «լիկվիդացնել»: Ներկայացված հայտը, մեղմ ասած, ծավալուն էր՝ գրեթե 4000 էջ: Նշենք նաև, որ հայտը ինքնին շատ ուշագրավ է. պարզվեց, որ «ՀԷՑ»-ը 1կգ ցեմենտը գնում է 57.000 դրամով:

Սակագնի հնարավոր բարձրացման մասին խոսում էին բոլորը՝ հասարակ մարդիկ, փորձագետները, քաղաքական դաշտի ներկայացուցիչները և տարբեր բարձրաստիճան պաշտոնյաները: «ՀԷՑ»-ի ղեկավարությանն ուղղված մեղադրանքներն էլ չէին զիջում հուզականությամբ:

Սակագնի բարձրացման խնդիրը անհանգստացնում է բոլորին…սակայն, իսկապե՞ս բոլորին:

Պարզվում է, կան ՀՀ քաղաքացիներ, որոնց այս հարցը չի հետաքրքրում, իսկ կան նաև այնպիսինները, որոնք նույնիսկ կողմ են թանկացմանը: Հասարակության շրջանում YerevanNews.am-ի կողմից անցկացված հարցման արդյունքները այսպիսին էին. «Կտրականապես ԴԵՄ եմ» տարբերակին հակված են հարցվածների գրեթե 97,5 տոկոսը, «Դա ինձ չի հետաքրքրում»՝ 1.5 տոկոս, իսկ «Կողմ եմ» տարբերակն են ընտրել 1 տոկոսը:

Ստացվում է, էլեկտրաէներգիայի և դրան հետևող համատարած թանկացման խնդրի հանդեպ Հայաստանում կան ոչ միայն անտարբեր, այլ նաև կողմ արտահայտվող մարդիկ: Այս դեպքում, դժվար է դառնում մեղադրել «ՀԷՑ»-ի օտարազգի գլխավոր տնօրեն, արաբական շեյխի կյանքով ապրող, Եվգենի Բիբինին և պահանջել նրանից «անհանգստանալ» հայաստանցիների ապագայի համար:

Չենք բացառում նաև տարբերակը, որ անտարբերներն ու կողմ արտահայտվողները հենց «ՀԷՑ»-ի աշխատակիցներն են կամ ֆինանսական հսկայական աղբյուրներից և գերշահույթներից օգտվող անձիք:

Համենայնդեպս, հուսադրող է, որ հարցման մասնակցիների ճնշող մեծամասնությունը պատրաստ է պայքարելու և պաշտպանելու մեր քաղաքացիական իրավունքները: