Վերջին օրերին մեր երկրի քաղաքական դաշտը մեղմ ասած ալեկոծվել էր ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հանրահայտ հայտարարությունից հետո, որն ընդհանուր առմամբ ուղղված էր Գագիկ Ծառուկյանին, ինչից էլ երկրի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարն անձնապես վիրավորվել էր ու բացեիբաց հայտարարել քաղաքական անհնազանդության ու բացահայտ առճակատման մասին` կոչ անելով երկրի ազգաբնակչությանը պատրաստվելու անզիջում պայքարի:

Թե ինչ կնշանակեր անզիջում պայքար, կարծում եմ բոլորս շատ լավ գիտակցում ենք. միգուցե` նվազագույնը մարտի 1-ի անցանկալի կրկնություն, վատթարագույնը` ուկրաինական չստացված Մայդանի ակամա վերարտադրում Հայաստանում: Թերևս տարբերակներից որևէ մեկը բացառել չի կարելի, հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի և նրա գործընկեր քաղաքական ուժերի ագրեսիվ տրամադրվածությունն, ու արտաքին քաղաքական դերակատարների ծպտյալ ջանքերը:

Ստեղծված իրավիճակում դեպքերի հետագա զարգացումը ցույց կտա ժամանակը, սակայն մեկ կարևոր հանգամանք անտեսել պարզապես անարդարացի է:

Մինչ քաղաքական ուժերը, անհատ քաղաքական ու հասարակական գործիչները, օտարերկրյա վերլուծաբաններն ու լրագրողները կփորձեին յուրովի մեկնաբանել քաղաքական իրավիճակն ու թեժացած կրքերը հանդարտեցնելու փոխարեն մի բան էլ յուղ լցնել կրակի վրա, հերթական անգամ իր ազգանվեր գործունեությամբ ու ծանրակշիռ պահվածքով իրեն դրսևորեց մեր ռուսաստանաբնակ հայրենակից, հայտնի գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը:

Անկեղծ ասած ոչ թե զարմացած, այլ հիացած եմ այդ հայորդու քայլով:

Մինչ որոշ պատգամավորներ շտապում էին րոպե առաջ լքել խորտակվող նավը, իսկ մյուսները դեռ կերկմտեին, մինչ որոշ գործարարներ կփորձեին ստեղծված իրավիճակում դիվիդենտներ շահել, իսկ մյուսները կբորբոքեին կրքերը, Սամվել Կարապետյան հայորդին, սառը դատողությամբ հասկանալով երկրի ու ազգի գլխին առկախված կործանարար հետևանքներ ենթադրող վտանգը, այցելեց Հայաստան ու ՀՅԴ-ի աջակցությամբ գործնական քայլեր ձեռնարկեց երկրի Նախագահի ու երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի միջև անձնական հանդիպում և երկխոսություն կազմակերպելու նպատակով:
Անկախ ամեն ինչից, անկախ այն հանգամանքից, թե ինչ արդյունքներ կտա այդ հանդիպումն ու ինչպիսի զարգացումներ կունենան դեպքերը, Սամվել Կարապետյանի քայլը ոչ այլ ինչ էր, քան իր հայրենի երկրի ու ժողովրդի անվտանգությամբ ու ապագայով իսկապես մտահոգված հայորդու ազգանվեր քայլ: Սա այն դեպքերից է, երբ խոսքերն իսկապես ավելորդ են:

Պարզապես կասեմ`

հիացած ու հպարտ եմ քեզ պես հայրենակցով, Սամվել Կարապետյան:

Շնորհակալ եմ քեզ, Սամվել Կարապետյան, շնորհակալ եմ և քեզ, ՀՅԴ:

Արմեն Գևորգյան-Facebook