Վաղը բնապահպանության նախարարությունում կանցկացվի «Խոսրովի անտառ» պետական  արգելոց ՊՈԱԿ­ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ։ Տնօրենի պաշտոնին  են հավակնում 11 քաղաքացի, այդ թվում և նախկին  և ներկա ժամանակավոր պաշտոնակատար  տնօրենները: Բնապահպանության նախարարության հրապարակած տվյալների համաձայն մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ անձինք՝ Վահան Արմենի Դավթյանը, Լուսինե Վանիկի Կարապետյանը,  Վարանցով Մելքոնի Բարսեղյանը, Ալբերտ Դումիկի Դումիկյանը,  Հայկազ Մերուժանի Կարապետյանը, Հրաչյա Պատվականի Հովակիմյանը,  Գառնիկ Անդրանիկի Շաբոյանը,  Վարդան Ռազմիկի Մամիկոնյանը, Պարգև Անուշավանի Ստեփանյան, Գագիկ Շմավոնի Հակոբյանը և  Արայիկ Ավետիքի Կարապետյանը: Ուշագրավ է, որ թեկնածուների կենսագրական տվյալների մասին որևէ տեղեկություն չի  հրապարակվում:

Մինչ մրցույթի օրն արդեն կան վիճահարույց թեկնածուներ, ում նկատմամբ իրենց անթաքույց հակակրանքն են հայտնել բնապահպաններն ու տարբեր ՀԿ­-ների ներկայացուցիչներ։ Ինչպես վերը նշեցինք թիրախում էին հայտնվել Վարանցով Բարսեղյանը ու Հրաչյա Հովակիմյանը: Տպավորությունն այնպիսին է, որ բնապահպանները ճիշտ թիրախին են հարվածում, սակայն դա միայն առաջին հայացքից։

Yerevannews.am-ի տեղեկություններով  «Խոսրովի անտառ» պետական  արգելոց ՊՈԱԿ­ի տնօրեն համար արդեն կա հարմար և քողարկված թեկնածուն  դա Երևանի Ագրարային Համալսարանի դասախոսներից մեկն է՝ Պարգև Ստեփանյանը, ում մասին շատերը ոչ մի բան էլ չգիտեն: Այս ոչ հայտնի մարդը հանդիսանում է Հովիկ Աբրահամյանի ցանկալի թեկնածուն՝ արգելոցում: Մինչ բնապահպանները կհետաքրքրվեն նախկին և ներկայիս տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատարներով, արդեն որոշում է եղել Պարգև Ստեփանյանին դարձնել տնօրեն: Հատկանշական է, որ կենսագրական տվյալների բացակայության պարագայում գաղտնի է պահվել, որ Ստեփանյանը Արտաշատի Մխչյան գյուղից է, որը համարվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայրենի գյուղը: Պետք է նշենք  նաև, որ մեր ունեցած տեղեկություններով  64-ամյա Պարգև Ստեփանյանի որդին աշխատում է Հովիկ Աբրահամյանի բիզնեսներում:

Yerevannews.am-­ի հետ զրույցում Պարգև Ստեփանյանը չհերքեց, որ ինքը Հովիկ Աբրահամյանի համագյուղացին է և լավ հարաբերությունների մեջ է վերջինիս հետ:

Այն հարցին, թե տնօրեն դառնալու  դեպքում կարո՞ղ է Հովիկ Աբրահամյանին արգելել «Խոսրովի արգելոցում» որս անել,  Պարգև Ստեփանյանն ասաց.«Հա, ես կարող եմ իրեն արգելել, որովհետև շատ վաղուց եմ ճանաչում: Եթե ես ասեմ, որ պետք չի՝ դա կարմիր գրքի մեջ ա մտնում»։

Այն բանից հետո, երբ նա ասաց նաև, որ տնօրեն դառնալու պարագայում պատրաստ է նույնիսկ իր աշխատավարձի 50 տոկոսն էլ  նվիրաբերել արգելոցին այնպիսի տպավորություն է ստեղծվում,  որ կենսաբանական գիտությունների թեկնածու Ստեփանյանն այն միակ սրտցավ մարդն է, ում էլ հենց սպասում է արգելոցը:

Բնապահպանության նախարարության կողմից թեկնածուների կենսագրականների գաղտնի պահելը, Հովիկ Աբրահամյանի հետ անմիջական առնչություն ունենալն ու չափից դուրս նվիրվածությունն արգելոցին վերահստատում է մեր տեղեկությունները, որ Բնապահպանության նախարությունում արդեն կանխորոշված են համարում, թե ով է լինելու  «Խոսրովի անտառ» պետական  արգելոց ՊՈԱԿ-­ի տնօրենը և սպասում են մրցույթի թատերականացված մասն էլ ավարտվի, որպեսզի նշեն իրենց հաջողակ սցենարի իրականացումը:

Սա ևս մեկ անգամ ապացույցն է այն բանի, որ բնապահպանական ակտիվիստները, որքան էլ ցանկանան իրենց ներդրումն ունենալ բնության պահպանման գործում, մեկ է նրանց կարելի է մոլորեցնել: Ցավով պետք է արձանագրենք, որ այս անգամ էլ «Խոսրովի անտառ» պետական  արգելոց ՊՈԱԿ­ի տնօրենը կնշանակվի այնպիսի մեկը, ում ամենևին էլ  չի հետաքրքրում, թե որ կենդանիներն են գրանցված կարմիր գրքում և որոնք  են կանգնած ոչնչացման եզրին:

Վահագն Ավետիսյան