Վերջին ժամանակներում բնապահպանական թիվ մեկ խնդիր դարձած  «Խոսրովի անտառ» պետական  արգելոց ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար  Հրաչյա  Հովակիմյանի գլխին «սև ամպեր են հավաքվել»։ Ի սկզբանե  տպավորությունն այնպիսին էր, որ հենց ինքն էլ կնշանակվի արգելոցի տնօրենի պաշտոնում՝ անկախ մրցույթի անցկացման հանգամանքից, սակայն պարզվում է, որ Հրաչյա Հովակիմյանն այնքան էլ ցանկալի թեկնածու չէ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի համար։   

Բանը նրանում է, որ Հրաչյա Հովակիմյանի  նշանակման պարագայում Արամ Հարությունյանը չի կարողանալու ունենալ այն վերահսկողությունն արգելոցում, որ ունեցել է նախկինում: Հրաչյա  Հովակիմյանն իր ժամանակավոր  պաշտոնակատար լինելու ընթացքում հասցրեց աչքի ընկնել իր սկզբունքայնությամբ, որն էլ իր հերթին Արամ Հարությունյանին  դուր չի եկել։

Սակայն, այնուամենայնիվ,  Հրաչյա Հովակիմյանի  անունը  կա թեկնածուների շարքում միայն մեկ բանի համար. մի ժամանակ խոսակցություններ պտտվեցին, որ  Հրաչյա Հովակիմյանը Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի թեկնածուն է «Խոսրովում»: Եվ քանի, որ Արամ Հարությունյանը չէր կարող մերժել Գլխավոր դատախազին, ուստի նրա ձևական ներկայացվածությունը չի բորբոքի  հնարավոր տարաձայնությունները:  

Հիշեցնենք, որ  Հրաչյա Հովակիմյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի ժամակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2012 թվականի դեկտեմբերի 11­ին:

Նշենք նաև, որ վաղը՝ մարտի 15-ին,  տեղի կունենա  «Խոսրովի անտառ» պետական  արգելոց ՊՈԱԿ-ի տնօերնի թափուր պաշտոնի համար մրցույթ, որին մասնակցում են  11 քաղաքացիներ, որոնց անունները ներկայցնում ենք ստորև՝

Վահան Արմենի Դավթյան, Լուսինե Վանիկի Կարապետյան,  Վարանցով Մելքոնի Բարսեղյան, Ալբերտ Դումիկի Դումիկյան,  Հայկազ Մերուժանի Կարապետյան, Հրաչյա Պատվականի Հովակիմյան,  Գառնիկ Անդրանիկի Շաբոյան,  Վարդան Ռազմիկի Մամիկոնյան, Պարգև Անուշավանի Ստեփանյա, Գագիկ Շմավոնի Հակոբյան և  Արայիկ Ավետիքի Կարապետյան:

Իգոր  Սարգսյան