Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի 3-րդ հրաձգային վաշտի 1-ին հրաձգային դասակի 1-ին հրաձգային ջոկի գնդացրորդ, շարքային Արմեն Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 

Մինչ այս ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը: