Երկու շաբաթ առաջ ԲՀԿ-ն հայտարարեց քաղաքական կոնսուլտացիաների սկսման մեկնարկի մասին: Հայտարարությամբ նրանք օրակարգային համարեցին կառավարման  խորհրդարանական համակարգի  և 100 տոկոսանոց  համամասնական  ընտրակարգին անցում կատարելը: «Բարգավաճ Հայաստանի» հայտարարությանը հաջորդեց  ՀՅԴ գերագույն մարմնի հայտարարությունը, որով դաշնակցականներն  առաջարկեցին 7 օրակարգային խնդրի շուրջ քննարկում կազմակերպել: ՀԱԿ-ն էլ  իր հեթին առաջարկեց ընդլայնել ԲՀԿ-ի  առաջարկները, որը ԲՀԿ-ն ընդունեց ի գիտություն : Եվ այսպիսով` սկսվեց քաղաքական քննարկումներն առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ:

Իհարկե, ԲՀԿ-ն առաջարկությունների իր փաթեթը քաղաքական ուժերի դատին ներկայացրեց ճիշտ ժամանակին` միտում ուենանալով ձգձգել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշման կայացումը: Սա փաստում է այն, որ մինչ օրս որևէ ձեռքբերում, որևէ հայտարարություն չի եղել քաղաքական ուժերի կողմից, որը կարող է բանակցությունների արդյունքում հստակ ձեռքբերում մատնանշել: Հասկանալի  կերպով  քաղաքական ուժերը   դիվանագիտական պատասխաններ են տալիս լրագրողներին:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար   ժամանակը երբևէ այդքան թանկ չի եղել, քան այսօր է: Դա է պատճառը, որ ԱԺ նիստերն գրեթե չներկայացող պատգամավորը մեկնում է Եվրոպա` այն էլ խորհրդարանական այցով: Միանշանակ է, որ Ծառուկյանը Բրյուսել էր գնացել ոչ թե «դաբրոն»  ստանալու, այլ ժամանակ շահելու համար, քանի որ Սերժ Սարգսյանին  Եվրոպան արդեն տվել էր իր «դաբրոն»` այն էլ  Հայաստանում, երբ  Հայաստան  էր  այցելել  ԵՄ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե  Մանուել Բարոզոն:  Ուստի Ծառուկյանի այցը ԲՀԿ-ի քաղաքական հնարքներից երկրորդն էր, որ հալած յուղի պես մատուցվեց հասարակությանը:

Դժվար է ասել, որ երեկ կայացած Ծառուկյան-Սարգսյան հանդիպման ընթացքում հստակ ինչ է քննարկվել, բայց  միանշանակ է,  որ հազիվ թե բրյուսելյան սուր հայտարարություններից հետո Սերժ Սարգսյանն  ասելիք  չունենար ԲՀԿ առաջնորդին: Սակայն ուշագրավն այն է, որ մամուլում հրապարակված են տեղեկություններ այն մասին , որ  Ծառուկյանը չի առաջադրվելու առաջիկա նախագահական ընտրություններին: Այս պահին մամուլի տեղեկությունները ոչ հերքվել են,  ոչ էլ` հաստատվել,  և  միանշանակ է, որ ԲՀԿ-ի և մասնավորապես Ծառուկյանի լրացուցիչ ժամանակը սպառվել է:

Իսկ ԲՀԿ քաղխորhրդի այսօրվա  նիստի  հետաձգումը ԲՀԿ-ի առաջին էշելոնի ներկայացուցիչ Վարդան  Օսկանյանը մեկնաբանելով, որ «Չէ, այսօր նիստ չի լինելու, հետո կանենք, երևի»  հստակեցնում են,  որ   եթե  նիստը կայանար,   ապա Ծառուկյանի պաշտոնական հայտարարությունն անխուսափելի  կլիներ, սակայն ԲՀԿ առաջնորդը  կրկին խուսանավեց:

ԲՀԿ-ի որոշումը, թե դրական,  և թե բացասական տեսանկյունից բեկումնային կլինի ինչպես ԲՀԿ քաղաքական ուժի համար, այնպես է Հայստանի քաղաքական դաշտի համար: Երկու պարագայում էլ նոր վերաձևավորումները քաղաքական դաշտում  անխուսափելի են:

Տիրայր Մուրադյան