Հայ ուսանողները, ովքեր մեկնելու են արտերկիր սովորելու, չեն կարողանա այլեւս զինծառայությունը հետաձգել՝ առանց առնվազն 8,5 մլն դրամ գրավի: Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներկայացրած' «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Բանն այն է, որ Կրթության և Գիտության նախարարը մտահոգված է, որ վերջին ժամանակներում ՀՀ-ում միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի շրջանակներում սովորելու ցանկություն հայտնողների գերակշռող մասը արական սեռի քաղաքացիներ են, իսկ դրա պատճառն այն է, որ այն պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու լավ հնարավորություն է հանդիսանում, որն էլ իր հերթին խթանում է բնակչության արտագաղթը, ինչպես նաեւ հայրենիք չվերադառնալու հիմքեր է առաջացնում:

Նշենք, որ ներկայիս օրենսդրությունում բանակային զինծառայությունը հետաձգել թույլ է տրվում այն ուսանողներին, ովքեր իրենց արտերկրյա կրթությունը ստանոմ են միջպետական ու միջգերատեսչական ծրագրերով, իսկ նրանք, ովքեր ընդունվել են օտարարկրյա բուհեր սեփական նախաձեռնությամբ, զինծառայությունը կհետաձգվի անհատական կարգով՝ 8,5 մլն դրամ գրավի դիմաց:

Սակայն այստեղ պետք է նկատենք, մի բան, որ նմանատիպ օրենքների փոփոխությունը չի կարող որևէ ազդեցություն ունենալ մեր երկրի պաշտոնյա, օլիգարխ, հաստափոր պապաների՝ բանակից խուսափող տղաների վրա: Քանի որ վերջիններիս համար այդ 8.5 մլն դրամը, իրենց լեզվով ասած «խաղ ու պար է», երբ ցանկանան բանակից խուսափել և օտարերկրյա բուհի դիպլոմ ձեռք բերել, այդ գումարը ցանկացած պահի գրավի դիմաց կներդնեն: Ստացվում է, որ այս փոփոխությունը, ինչպես միշտ իր սեփական մաշկի վրա կզգա հասարակ քաղաքացու կամ գյուղացու որդին:

Եթե նախկինում կային թեկուզ շատ քիչ թվով այնպիսի երիտասարդներ, ովքեր իրենց սեփական գիտելիքների շնորհիվ կարողանում էին իրենց կրթությունը շարունակել արտերկրում, այսօր այն արդեն վճարովի է:
 

Եվ ամենակարևորը, ուշադրություն դարձնենք, թե ով է այս օրենքի փոփոխության «կնքահայրը»: Մի մարդ, նախարար, ով բանակում չի ծառայել, 8,5 մլն դրամ գրավի խնդիր չի ունեցել և հանգիստ խղճով մոսկվաներում է սովորել:

Գեղամ Սարգսյան