Դեռևս փետրվարի 6-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը համատեղ ասուլիս հրավիրեցին և հայտարարեցին  «Ուսումնական վարկ» ծրագրի մասին: Ներկայացված պայմաններն ու վարկի յուրօրինակ լինելը միանգամից ուրախացրեց բազմահազար անապահով ուսանողների, ովքեր սրտատրոփ սպասում են իրենց ուսման վճարների մարմանը:

Հիշեցնենք, որ ուսումնական վարկը հնարավորություն է տալիս ուսանողին սովորելու տարիներին վճարել ուսման վարձը, սակայն այն կարող են մարել միայն բուհն ավարտելուց հետո:

Համաձայն նախարարի և բանկերի միության նախագահի ներկայացված պայմանների, իսկապես թվում էր, թե բացառիկ մի ծրագիր է, որն այսուհետ թեթևացնելու է սովորելու ցանկություն ունեցող ուսանողի հոգսը:

Նշենք, որ ասուլիսի ընթացքում բանախոսները հայտարարեցին, որ վարկի համար ուսանողները կարող են դիմել Հայաստանի 14 բանկերին և հենց հաջորդ օրվանից (այսինքն փետրվարի 7-ից) կսկսեն հայտերն ընդունել:

 Սակայն փետրվարի 7-ից մինչև երեկ հայաստանյան 14 բանկերից և ոչ մեկը նման վարկային գործարք չէր իրականացնում: Միայն այսօր, բանկերից մեկը (գովազդից խուսափելու համար անունը չի նշվում) տեղեկացրեց, որ արդեն սկսել են հայտերն ընդունել: Բայց մնացած 13 բանկերը դեռևս լռում են:

 Դեռևս փետրվարի 11-ին բազմաթիվ քաղաքացիների ահազանգից հետո Yerevannews.am-ը զրուցեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենի հետ, ով վստահեցրեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում քաղաքացիները կարող են դիմել ցանկացած բանկի և խնդիրն արդեն լուծված կլինի:

Բայց, արի ու տես, որ խնդիրը մինչև այժմ լուծված չէ: Մեկ անգամ ևս դիմեցինք Հայաստանի բանկերի միություն` պարզաբանում ստանալու համար: Մեր գրավոր հարցադրումից 3 օր անց, մեզ պատասխանեցին, որ ներկա պահին Հայաստանի բանկերի միությունը սուբսիդավորման համար պայմանագիր է կնքում կառավարության հետ և այն ստորագրելուց հետո նոր միայն կկարողանան հայաստանյան բանկերը նման վարկային գործարք իրականացնել:

Այն հարցին, թե ե՞րբ կարող են մեր քաղաքացիները վերջապես օգտվել վարկային ծրագրից, Հայաստանի բանկերի միությունից հստակ ժամկետներ չնշեցին:

Նշենք, որ վարկը կտրամադրվի 12%-ով, որից պետությունը բոլոր շահառուների համար կսուբսիդավորի 2%-ը, իսկ նախորդ մեկ տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար` 3%-ը:

Yerevannews.am-ը զրուցեց նաև ՀՀ ֆինանսների նախարարության լրատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնի պատասխանատուի հետ, ով հայտնեց, որ ծրագիրը ուժի մեջ է և ներկա պահին որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարվում և առաջիկայում կտրվի ծրագիրը մեկնարկը:

Այստեղ նույնպես հստակ ժամկետներ դժվարացան նշել:

Yerevannews.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիներից մեկն իր դժգոհությունը հայտնեց այն մասին, որ այն միակ բանկը, որն առայժմ ընդունում է հայտերը, փաստաթղթերի մի ամբողջ շարք է պահանջում, որն ամբողջացնելու դեպքում, հավանաբար իր ուսանող աղջիկն արդեն դուրս կմնա բուհից:

Բանն այն է, որ բանկը պահանջում է երաշխավորներ, ովքեր պետք է ներկայացնեն հիմնական աշխատավայրից զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկանքներ, աշխատանքային գրքույկի և աշխատանքային պայմանագրերի պատճեներ, անշարժ գույքի սեփականության վկայականի պատճեներ և որ ամենակարևորն է, երաշխավոր հանդիսացող անձիք պարտադիր պետք է լինեն գրանցված աշխատողներ:

Սա միայն պահանջվող փաստաթղթերի մի մասն է:

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ բանկը ուսանողից պահանջում է այնպիսի փաստաթղթեր, որոնց ներկայացնելն արդեն իսկ մեծ ժամանակ է պահանջում, իսկ այդ ընթացքում բուհերը ուսանողներից պահանջում են ուսման վարձերի վճարում, հակառակ դեպքում` ուսանողը դուրս է մնում ուսամնական հաստատությունից:

Պահանջվող թղթերի քանակությունը նորություն չէ մեր բանկային համակարգում, բայց այստեղ է, որ հարց է առաջանում, արդյո՞ք այդքան փաստաթղթային քաշքշուկից հետո բանկերը նման գործարքներ կիրականացնեն և արդյո՞ք կառավարության կողմից կնքվող պայմանագիրն ամեն դեպքում չի ուշանա: Սրանք հարցեր են, որոնք դեռևս չունեն պատասխաններ:

Սակայն պետք է հիշեցնենք ընթերցողներին, որ այս ծրագրի մասին խոսել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզի քարոզարշավի ժամանակ, որտեղ ՀՀ նախագահը իր ընտրողներին հայտնեց, որ առաջիկայում բարձրագույն կրթությունն անապահով խավի համար դառնալու է անվճար, իսկ վճարովի սովորողներին բացառիկ պայմաններով վարկ ստանալու հնարավորություն է տրվելու:

«Ուրախ եմ հենց այստեղ հայտարարելու, որ փետրվարի 1-ից Հայաստանի բուհերում սովորող ուսանողներն առանց գրավի, միայն ծնողների համաձայնությամբ ստանալու են վարկեր`ուսման վարձը վճարելու նպատակով: Իսկ վարկը մարվելու է ուսումնառությունից հետո, երբ տվյալ ուսանողն աշխատանք ունենա»,-ասաց Սերժ Սարգսյանը

Այնուամենայնիվ, հուսով ենք, այս ծրագրի մասին ընտրություններից առաջ հայտարարելը` նախընտրական քարոզարշավի մի մասնիկ չէր կազմում, կամ այս ծրագրից օգտվողները իշխանության և պետական ապարատի ներկայացուցիչների զավակները չեն լինի:

 

 Անի Բաղդասարյան