ՀՀ Մշակույթի նախարարությունը ետ չի մնում մյուս գերատեսչություններից և ակտիվորեն շռայլում է պետբյուջեի գումարները: Նախարարության կողմից կատարվող գնումներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ գրասենյակային կահույքի, հավաքովի պահարանների, ուղեգորգի և նման այլ գնումների համար նախարարությունը տրամադրել է մի քանի հարյուր հազարների հասնող գումարներ: Անդրադառնանք գնումներին առանձին-առանձին:

Մշակույթի նախարարությունը հոկտեմբերի 3-ի N1204Ն որոշմամբ «ՍԱՆ-ՌԱՅՍ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 970,000 դրամ արժողությամբ գրասենյակային կահույք: Կահույքի մեջ մտնում է 40 հատ մետաղյա, կարսակով, փափուկ նստատեղով աթոռ, 14000 դրամ արժողությամբ աթոռ, 3 հատ MT04 բազկաթոռ, որն արժե 58.000 դրամ և 4 հատ UT6006, 59,000 դրամ արժողությամբ բազկաթոռ:

Նույն օրվա նույն որոշմամբ նախարարությունը «Արմեն Կարպետ» ԲԲԸ –ից ձեռք է բերել 864,000 դրամ արժողությամբ ուղեգորգ:

Հոկտեմբերի 23-ի որոշմամբ նախարարությունը «ԼԵՎԵԼ-ԷՍ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 485,400 դրամ ընդհանուր արժողությամբ հորիզոնական և ուղղահայաց շերտավարագույրներ:

Նույն օրվա որոշմամբ նախարարությունը ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԿՐՏՉՅԱՆ Ա/Ձ-ից ձեռք է բերել 600.000 դրամ արժողությամբ հավաքովի պահարան: Հավաքովի պահարանի բնութագրերն են` նյութը լամինատ, գույնը` վենգե, երկարությունը` 5.5 մ, բարձրությունը` 2.80 սմ, խորությունը` 35 սմ:

Իսկ «ԱՄՍՏԵՐ ՖԼԱՈՒԵՐՍ» ՀԱՅ-ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ-ից նախարարությունը ձեռք է բերել 200.000 դրամ արժողությամբ բույսեր: Պայմանագիրն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ գնումը եղել է հոլանդական դեկորատիվ բույսերի կոմպոզիցիա:

Իսկ միացնելով ներկայացված թվերն իրար, ստացվում է, որ Մշակույթի նախարարությունը միայն կահավորման նպատակով ծախսել է մոտ 3 մլն 119 հազար 400 դրամ: