YerevanNews.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել ԱԺ պատգամավորներին, նրանց անցած ուղին և գործունեությունը:

Այս անգամ հերթը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանինն է (Շմայս):

Նախ նշենք, որ նա իր մականունը ստացել է Արցախյան շարժման տարիներին: Նրան տվել են այս մականունը, քանի որ նա միակն է եղել, ով ունեցել է գերմանական արտադրության «Շմայսեր» տեսակի ինքնաձիգ: Վերջինս չի նեղվում իր մականունից եւ բազմիցս հպարտությամբ նշել է, որ Արցախյան ազատամարտի տարիներին, երբ զենք շատ դժվարությամբ էին հայթայթում, ինքը կարողացել է 21 տարեկանում «Շմայսեր» տեսակի ավտոմատ հայթայթել, ջոկատներ հավաքել եւ մեկնել ռազմադաշտ: Սակայն պատգամավորը նաև հայտնել է, որ այդ տարիներին զենքը պահպանել չի հաջողվել:

Այժմ ներկայացնենք նրա կենսագրական տվյալները:

Առաքել Մովսիսյանը ծնվել է 1966թ. օգոստոսի 20-ին Էջմիածին քաղաքում:

1993-1997թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում եւ ստացել նախնական ռազմական պատրաստականություն եւ մարմնակրթություն մասնագիտությունը: 2000-2004թթ. աշխատել է Պաշտպանության նախարարության աշխատակազմի վերլուծական բաժնի ավագ սպա:

1989-1995թթ. մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին: Զբաղվել է բռնցքամարտով, Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի մրցավար է:

2004-2007թթ`. Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 27 ընտրատարածքից: Ազգային ժողովի պաշտպանություն, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ է:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Վերլուծենք նրա պատգամավորական գործունեությունը: Ըստ parliamentmonitoring-ի տվյալների, Շմայսը նախագծերին կողմ է քվեարկել 188 անգամ, դեմ` 2, ձեռնպահ չի մնացել, չի քվեարկել 20 անգամ, բացակայել է 18 անգամ, իսկ հարցեր և ելույթներ, բնականաբար, չի ունեցել: Նշենք, որ պատգամավորը դեմ է քվեարկել ՀՅԴ-ի` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշմանը և «Ժառանգության»` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին:

Իսկ այժմ ներկայացնենք նրա հայտարարագրերը: Առաքել Մովսիսյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 առանձնատուն` 505.9 քմ մակերեսով և 3 հողամաս Արմավիրի մարզում: Տարեկան դրամական եկամուտը նշված է 3 մլն 71 հազ. 570 դրամ (պատգամավորի աշխատավարձ):

Հետաքրքիր է, որ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ՝ դրամական միջոցներ, շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, պատգամավորը չունի:

Նշենք, որ պատգամավորը բազմիցս աչքի է ընկնում վիրավորական արտահայտություններ հնչեցնելով իր գործընկեր-պատգամավորների հասցեին և առհասարակ տարբերվում է իր խոսելաձևով և պահվածքով:

Նշենք, որ այս ամենը ևս մեկ անգամ ապացուցվեց վերջերս ԵԽԽՎ նստաշրջանում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո, երբ Զարուհի Փոստանջյանը կազինոյի մասին հարց էր բարձրացրել: Այս ամենը զայրացրել էր նաև Առաքել Մովիսյանին, ով մեր և այլ լրատվամիջոցների հետ զրույցում մի շարք քննադատական և վիրավորական խոսքեր էր հղել, որն էլ իր հերթին զայրացրել էր Փոստանջյանին:

Այդպիսի մի դեպք և կրկին «Ժառանգության» ներկայացուցչի և Շմայսի միջև տեղի էր ունեցել ավելի վաղ` 2011-ին, երբ պատգամավորը ԱԺ ամբիոնում ելույթ ունեցող Արմեն Մարտիրոսյանին «հայվան» էր անվանել և բնականաբար ստացել համարժեք պատասխան:

Հետաքրքիրն այն է, որ պատգամավորներն իրենց նման պահվածքի համար չեն արժանանում նույնիսկ իրենց կուսակիցների կողմից որևէ հանդիմանանքի և դրա ապացույց այն է, որ նույն Առաքել Մովսիսյանը կրկին ու կրկին առիթը բաց չի թողնում վիրավորական խոսքեր շռայլելու համար: