YerevanNews.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել ԱԺ պատգամավորներին: Այս անգամ ներկայացնում ենք ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) անցած ուղին ու պատգամավորական գործունեությունը:

Նա ծնվել է 1951թ. հունիսի 8-ին Երեւանում: 1973թ. ավարտել է Տնտեսական գիտելիքների երկամյա հասարակական համալսարանի ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետը, 1975թ.` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 1997թ.` «Վարդանանց» համալսարանը: Ըմբշամարտի մարզիչ է, ֆիզիկական դաստիարակության դասատու, իրավաբան:

ԱԺ պատգամավորը 1975-1981, 1986-1988թթ. աշխատել է Երեւանի մոդելային կոշիկի ֆաբրիկայում, 1981-1983թթ.` «Մասիս» արտադրական միավորման մոդելային կոշիկի ֆաբրիկայում: 1988-1989թթ. Երեւանի հրուշակեղենի-մակարոնի կոմբինատում եղել է գլխավոր մասնագետ: 1989-1995թթ. աշխատել է «Դավիթ-84» կոոպերատիվում:

1999թ. ընտրվել, 2002 եւ 2005թթ. վերընտրվել է Երեւանի Էրեբունի համայնքի ղեկավար:

1995-1999թթ.` Աժ պատգամավոր է ընտրվել թիվ 15 ընտրատարածքից, Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ է, ԱԺ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 13 ընտրատարածքից:

Հետաքրքիր է, որ պատգամավորը 2008թ. արժանացել է «Լավ աշխատող համայնքի ղեկավար» ոսկե մեդալին: Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Սա նրա միայն կենսագրական տվյալներն էին, այժմ ներկայացնենք նրա պատգամավորական գործունեությունն ԱԺ-ում:

Պատգամավորը 179 անգամ կողմ է քվեարկել, 2 անգամ դեմ, ձեռնպահ չի մնացել, չի քվեարկել 34 անգամ: Մհեր Սեդրակյանին կարելի է դասել պարտաճանաչ պատգամավորների շարքին` նա ԱԺ նիստերից բացակայել է ընդամենը երկու անգամ: ԱԺ պատգամավորի դեմ քվեարկած նախագծերը բնականաբար եղել են ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացվածները: Ներկայացված նախագծերից մեկի հեղինակն էր ՀՅԴ-ն, մյուսը` Ժառանգությունը:

Մհեր Սեդրակյանը, ինչպես և` ԱԺ Հանրապետական պատգամավորներից շատերը, ելույթներ, հարցեր, կամ առաջարկություններ չի ունեցել:

Այժմ ներկայացնենք նրք հայտարարգրերը: Ըստ 2012թ. տվյալների, Մհեր Սեդրակյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 2 առանձնատուն` 1009 քմ ընդհանուր մակերեսով, 1 բնակարան` 81.9 քմ մակերեսով, 3 հողամաս: Հաշվետու տարվա եկամուտը`113 մլն դրամ (շահաբաժին «Գաջ» և «Ավտոստոպ» ընկերություններից):

Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 73 մլն ՀՀ դրամ:

Շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, պատգամավորը չունի:

Նշենք, որ պատգամավորի որդին բիզնես գործունեությամբ է զբաղվում: Նրա որդին` Դավիթ Սեդրակյանը, ով ՀՀԿ ցուցակով Երևանի ավագանու անդամ է և սովորել է Լոնդոնում, նաև լուրջ բիզնեսներ ունի: Նա արտադրական, առեւտրային եւ սպասարկման ոլորտի գործունեություն իրականացնող «Դավիթ եւ Էլինա» ՍՊԸ-ի հիմնադիրը եւ 100% բաժնետերն է։ Միաժամանակ զբաղվում է հանքարդյունաբերությամբ եւ «ԴԻ ԷՅ Մայնինգ» ընկերության բաժնետերն է:Մամուլը բազմիցս անդրադարձել է այս պատգամավորին, նշելով նրա գողական աշխարհում հարգված հեղինակություն լինելը:

Պատգամավորը հաճախ է անդրադարձել մամուլի այս բնութագրմանը, ասելով, որ գողականը «լրիվ ուրիշ աշխարհ է», իսկ հեղինակություն նա իրեն համարում է: Նշենք, որ Մհեր Սեդրակյանն առանձնանում է իր խոսելաձևով, որին էլ հաճախ անդրադառնում են հենց իր կուսակիցները: Իսկ պատգամավորը բազմիցս նշել է, որ դա իր խոսելաձևն է և այն փոխել չի կարող:

ԱԺ նախագահական և խորհրդարանական ընտությունների ժամանակ միշտ ակտիվանում են այն խոսակցությունները, որ բոլորն իրենց հույսը դնում են պատգամավորի հեղինակության և ծանոթությունների վրա:

Մհեր Սեդրակյանն ուժեղ և հեղինակավոր մարդ է նրա խոսքն ու տեսակետները լսում ու հարգում են շատերը: