Այժմ խորհրդարանում քննարկվում է կառավարության ներկայացրած «Կրթության մասին օրենքում» փոփոխություն անելու մասին հարցը: Զեկուցողը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է, ով նշեց, որ այն կրթության լրջագույն փոփոխություն է՝ միտված ոլորտի խորքային բարեփոխմանը: Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ և գործող օրենսդրությամբ սահմանված է կրթության նվազագույն մակարդակ, որի շեմը, այդ օրենքի նախագծով, բարձրացվում է՝ ամրագրվելով 12-ամյա կրթության տիրույթում, և օրենքի ընդունման դեպքում այն տարածվելու է հաջորդ իններորդ դասարանցիների վրա: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ շեմը բարձրացնելու գաղափարը լավն է, բայց գաղափարի իրականացումը այսօրվա դրությամբ անհնար է:

Պատգամավորն օրինակ բերեց ավագ դպրոցների գաղափարը, որը վնաս բերեց: «Կրթությունը բարեփոխումների ենթարկվող ամենակոնսերվատիվ ոլորտներից է, որտեղ պետք են երկարատև ու խորը ուսումնասիրություններ:

Այդ բարեփոխման համար չունենք ֆիզիկական ու տեխնիկական բարենպաստ պայմաններ»,- ընդգծեց Արամ Մանուկյանը և ավելացրեց, որ սոցիալական ծանր պայմաններ ունեցող երկրում հնարավոր չէ պարտադրել մարդուն այդքան տարի պարտադիր սովորել, որովհետև մարդը ցանկանում է հնարավորինս շուտ ավարտել դպրոցն ու աշխատել՝ իր սոցիալական հոգսերը հոգալու համար: