«Մշակույթի նախարարությունը ժառանգությունը պահպանելու հարցում միջոցներ չի ձեռնարկում։ Եթերը լցված է աղբով։ Ո՞ւր է կորել մեր ազգի «թասիբը»»։ Այս և մյուս հարցերն անհանգստացրել են երաժիշտ Արթուր Հակոբյանին։

Ստորև ներկայացնում ենք YerevanNews.am-ի հարցազրույցը.

- Հունից դուրս եմ գալիս, երբ մեր հայ երգիչներն այդ արևելա-արևմտյան մելիզմներն օգտագործում են։ Հատկապես, այն հայտնի երգիչները, որոնք ճաշակ ու մտածողություն են թելադրում։ Այդ մարդիկ «զենք» են և պետք է սերունդ դաստիարակեն։ Երգարվեստի ներկայացուցիչներն աններելի բան են անում։ Սերունդը սկսում է չտարբերել, որն է իրենը ու որը օտարինը։ Չի կարելի լռել ու թույլ տալ, որ ադրբեջանական մշակույթն արմատանա մեր կյանքում։ Մշակույթի նախարարությունը պետք է միջոցներ ձեռնարկի և պայքարի այս վատագույն երևույթի դեմ, բայց կարծես չի անում։

- Միթե՞ հարևանների ազդեցությունն այդքան մեծ է ազգային մշակույթի խեղաթյուրման գործում։

- Իհարկե մեծ է։ Մեզ մոտ սկզբունքների խնդիր կա։ Պետք է երաժիշտները սկզբունքորեն թուրքական ու ադրբեջանական նոտա ու խոսք չլսեն։ Արի ու տես, որ մեր ժամանակների լավագույն հիթերը հարևանների մելիզմներով են։ Ժամանակակից հայ երաժշտության մեջ սկզբունքներ գրեթե չկան ։ Ամեն ինչ նմանացնում են այդ անիմաստ կլկլոցներին։ Չի՛ կարելի։ Մենք այնքան գեղեցիկ գործիքներ ունենք, բայց չենք օգտագործում։

- Որքանո՞վ է այսօրվա սերունդը ճանաչում ու ուսումնասիրում հայկական երաժշտարվեստը։

- Ազգային երաժշտությունն այսօր գրեթե չի ուսումնասիրվում։ Երիտասարդ սերունդը մեր մեծերին չի ճանաչում, իսկ եթե անգամ ճանաչում են, ապա միայն մասնակի առումով։
Մենք միջդարում հանճարեղ երաժշտություն ենք թողել, իսկ այսօր այդ ամենն անտեսվել է։ Մեր «սիրելի» հարևաններից մեկը մի օր մեր հսկայական ժառանգությունը կվերցնի ու կդարձնի իրենը: Չեմ ուզում, որ այդ օրը գա ու հայտնվենք դատարկ տաշտակի առաջ։ Մենք որևէ ազգի չենք կարողանա ապացուցել, որ դա մերն է եղել, քանի որ փոքր ազգ ենք ու քարտեզում գրեթե չենք երևում։

- Այսինքն՝ հայկական երգի ու երաժշտության մասին ազգերը չգիտե՞ն։

- Ես գիտեմ, որ մեր հայկական երաժշտությունն ամբողջ աշխարհում գիտեն ու գիտեն նաև մեչ կոմպոզիտորներին: Բայց դա անցյալի պտուղներն է։ Հիմա այդ ուղղությամբ քիչ բան է արվում։

- Ո՞րն է ազգային երաժշտությունը պահպանելու ճիշտ «զենքը»։

- Մեդիան միշտ եղել է առաջնային գործիքներից մեկը։ Ի՞նչ այլանդակություն ասես, թե չենք լսում մենք եթերից։ Այսօր այնքան աղբ կա եթերում, որ ուզում ես լցնել մի մեծ դույլի մեջ ու անհետացնել։ Ազգային, մշակութային «թասիբի» պակաս կա։ Մարդ սկզբում պետք է ինքն իրեն հարգի։ Չի կարելի ամեն անգամ ծաղրանքի կամ պարելու երաժշտություն երգել, նվագել ու եթեր հեռարձակել։ Այս ազգը նաև մտածելու կարողություն ունի։ Թող լսի ու մտածի, բայց ոչ ամեն անգամ պարի։ Անընդհատ ուզում են պարեցնել, բայց ախր այդ աղբը ռեստորաններում թափված է։ Ուզում եք պարե՞լ, ուզում եք վայելե՞լ ադրբեջանական կլկլոցները՝ գնացեք ռեստորան, բայց գոնե եթերից մի տվեք այդ խայտառակությունը։

Պատրաստեց՝ Անահիտ Կասամանյանը