«Նախօրեին տեղի ունեցած եռակի սպանության գործի նախաքննությունը վարելու է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսվում է, որ սպանությունների գործերով նախաքննությունը պետք է վարի Քննչական պետական կոմիտեն: Միևնույն ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազին տրված է լիազորություն՝ նախաքննությունը հանձնել որևէ այլ մարմնի: Տվյալ դեպքում գլխավոր դատախազը որոշել է, որ նախաքննությունը պետք է վարի Ազգային անվտանգության ծառայությունը: Թե կոնկրետ ինչո՞վ է սա պատճառաբանված դժվար է ասել:

Երեք հատ Կալաշնիկովի ավտոմատով, քրեակատարողական հիմնարկի մոտակայքում սպանություն կազմակերպելը, համաձայնեք, հատուկ հանդգնություն է պահանջում: Ի վերջո, քրեակատարողական հիմնարկը ուժեղացված զինված հսկողության օբյեկտ է, աշտարակների վրա շուրջօրյա հսկողություն են իրականացնում ավտոմատավոր հսկիչներ, անընդհատ ելումուտ են անում քրեակատարողական հիմնարկի զինված աշխատակիցներ, գնում-գալիս են ոստիկանների զինված խմբեր, ովքեր կալանավորներին տանում-բերում են դատական նիստերի: Փաստացի տեղի է ունեցել սպանություն իրավապահ համակարգի քթի տակ, ու համաձայնեք՝ սա սովորական իրավիճակ չէ: Չմոռանանք, որ հանցագործները հեռացել են առանց որևէ խոչընդոտի:

Երեկ լուր տարածվեց նաև, թե իրավապահները սույն գործի շրջանակներում որոնում են Գաստրիկ կամ Կաստրիկ մականունով մի անձնավորության, որը, մեր տեղեկություններով, նույնպես Շենգավիթ համայնքի բնակիչ է և որոշակի կոնֆլիկտային հարաբերություններ է ունեցել Երրորդմասցի Լյովիկի հետ»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: