«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին մամուլում միանգամից մի քանի անդրադարձ եղավ, ըստ որի՝ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ով մշտապես ակտիվ մասնակցել է Նախախորհրդարանի գործունեությանը, այլևս դրա անդամ չէ: Մեզ հետ զրույցում Տիգրան Խզմալյանը նշեց, որ դեռ մի քանի ամիս առաջ՝ 2014-ին է կայացրել Նախախորհրդարանից դուրս գալու որոշումը:

Ըստ որոշ խոսակցությունների, որպես հիմնական պատճառ, որի համար դուրս է եկել և չի անդամակցել Հիմնադիր խորհրդարանին, նշվում է Խզմալյանի անհամաձայնությունը «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսի տակ հանդես գալու և Արցախ ավտոերթ կազմակերպելու հարցում: Խզմալյանը չհամաձայնեց մեր այս դիտարկմանը. «Ոչ, ավելին՝ «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսի հեղինակը ես եմ, ուղղակի իմ տեսանկյունից ազատագրումը պետք է կայանա 100-ամյակից առաջ, մինչև ամսի 24-ը, տարբերությունը սա է, բայց դա տվյալ դեպքում էական չէ»:

Հետաքրքրվեցինք, թե այսուհետ իր քաղաքական պայքարն ինչպե՞ս է շարունակելու՝ կմիանա՞ որևէ քաղաքական կամ քաղաքացիական շարժման, նախաձեռնության, թե՞ որպես անհատ կշարունակի պայքարել. «Ես կարծում եմ՝ այն մարդիկ, ովքեր չեն կարող հանդուրժել ստեղծված փակուղային իրավիճակը, ողջ կյանքում, իրենց գործունեությամբ՝ լինեն կուսակցական, թե ոչ, լինեն որևէ կազմակերպության մեջ, թե ոչ, շարունակում են պայքարել հենց իրենց ներկայությամբ, խոսքով ու գործով»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: