«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սյունիքի մարզի Քաշունի համայնքում այս պահին ապրում է 6 մարդ: Իսկ գարնանը նրանց թիվը կավելանա 15-ով: Քաշունի համայնքի ղեկավար Գառնիկ Հակոբյանի պատմելով՝ գյուղում միայն ծեր թոշակառուներն են ապրում: Նրանց մեծ մասը ձմռան օրերին բնակվում է որդիների, դստեր կամ ազգականների տներում: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Քաշունիի համայնքապետ Գառնիկ Հակոբյանի հետ: -Պարո՛ն Հակոբյան, Քաշունի համայնքում այս պահին վեց մա՞րդ է բնակվում:

-Սպասում ենք, որ մարդիկ գան գյուղ: Երեւանին մի նայեք, մեզ մոտ ձյուն է: Դրա համար էլ մեր գյուղի ծերերը գնացել են իրենց բարեկամների տուն: Գարնանը կգան: Պետք է գան, որ իրենց հողամասը մշակեն: -Ինչո՞վ են մարդիկ ապրում: Եկամտի ի՞նչ աղբյուր ունեն: -Մեր գյուղի վիճակն անտանելի է, բայց սաղ ենք: Թոշակի հաշվին են: Նպաստ ստացող չկա, իսկ ստացած թոշակն էլ ուղարկում են իրենց տղային կամ աղջկան եւ խնդրում են, որ դրանով վերմիշել, մակարոն գնեն ու գյուղ ուղարկեն: Կարող ես թերթի մի անկյունում գրել, որ գյուղն առաջիկայում չի լինելու: Գյուղում ծնունդ չկա, հարսանիք չկա, իսկ մեծն էլ մեծանում ու մեռնում է:

Բա ի՞նչ անենք, ասեք՝ տեսնեմ: -Որեւէ պաշտոնյա հետաքրքրվա՞ծ չէ գյուղով: -Թե մեր մասին մտածող կա, դա միայն մեր մարզպետն է: 200 մետր խողովակ տվեց՝ ոռոգման համակարգը կառուցելու համար, ակումբի տանիքը հեչ էր եղել, վերանորոգեց, հետո մանր-մունր օգնել է: Թե ինչ անում է, էդ մարդն է անում: Ախր, գյուղում շարժ չկա, է: Իսկ համայնքների խոշորացման դեպքում մեր գյուղն ընդհանրապես կկորի: Հիմա դեռ գոնե գյուղի անունը մի տեղ կա գրված:

-Պարո՛ն Հակոբյան, այսօր (երեկ-Ս.Հ.) Հայոց բանակի տարեդարձն է, գյուղում ինչպե՞ս են տոնելու: -Առանձնապես բան չկա: Մի հարեւան տղա ունենք, առավոտյան ամեն մեկս մի թաս խմել ենք մեր բանակի կենացը: Քնելուց առաջ էլ մի թաս կխմենք: Դուք փետրվարի 23-ին համեցեք մեր գյուղ, այդ օրը կնշենք»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: