Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն «Օր» ուկրաինական թերթի առցանց տարբերակում անդրադարձել է Գյումրու ողբերգությանը : Վերջինս «Заберу твою боль, Армения!» վերնագրով հոդված է գրել, որում անդրադառնում է ռուս զինվորի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանությանը:

«Վերջին օրերին Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում ուշքի գալ հունվարի 12-ին Գյումրիում ռուսական ռազմաբազայում ծառայող ռուս զինվոր Վալերի Պերմյակովի կողմից հայի ընտանիքի դաժան սպանությունից հետո:  Հայ ժողովրդի ապրած ցնցումը կարելի է համեմատել 1988 թ երկրաշարժի հետ, որն ամբողջությամբ ավիրել է այդ ժամանակ Լենինական կոչվող  քաղաքը»,-գրել է Բոժկոն:

Վերջինս հոդվածում ամենայն մանրամասնությամբ պատմում է Գյումրիում գրանցված ոճրագործության ու դրան հոջորդած ցույցերի մասին, իսկ հոդվածի վերջում կիսում հայ ժողովրդի ցավը: «Իսկ ինչ վերաբերում է մեզ՝ ուկրաինացիներիս, ովքեր Ղրիմի իրադարձությունների ու հատկապես Դոնբասի օկուպացմամբ կազմեցին Ռուսաստանի հետ «բարեկամության» իսկական գինը, մնում է միայն մեր խորը ցավակցությունները հայտնել բարեկամ հայ ժողովրդին այս արյունոտ ողբերգության կապակցությամբ: «Ցավդ տանեմ» ինչպես այս դեպքերում ասում են Հայաստանում»,-գրել է նա