Գյումրիի ողբերգությունը սարսափելի հանցագործություն է, որը չէր կարող չստիպել յուրաքանչյուրին ապրումներ ունենալ, չէր կարող զերծ պահել զգացմունքային դրսեւորումներից: Անկախ նրանից՝ մարդը պաշտոն ունի, թե ոչ, յուրաքանչյուր հայի համար դա ողբերգություն է: Այս մասին Ազգային ժողովում Գյումրիի ողբերգության թեմայով լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Նա միաժամանակ ներկաների ուշադրությունը հրավիրել է մի քանի հանգամանքների վրա: Նախ այն, որ իրավապահ մարմինները չեն կարող զգացմունքներով առաջնորդվել: «Ես պարտավոր եմ իմ գործողությունները կազմակերպել երկրի օրենսդրության եւ միջազգային իրավունքների դրույթներին համապատասխան՝ անկախ զգացմունքներից»:

Ըստ նրա՝ լսումները որոշվել է բաց ռեժիմով անցկացնել, որպեսզի հանրությունը տեղյակ լինի իրադրությունից՝ հաշվի առնելով, որ քաղաքական, հասարակական շրջանակներում, կենցաղային մակարդակով շրջանառվում են իրավունքի տարբեր դրույթներ: «Ինձ համար անընդունելի է անձնական, կուսակցական կամ քաղաքական նպատակներով ժողովրդի համար կարեւոր եւ զգայուն իրավիճակն օգտագործելը: Մեր նպատակն ընդհանուր է: Բայց դրան հասնելու ուղիները չեն կարող նույնական լինել»,- հայտարարել է Կոստանյանը: