«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան վրա հարձակվել էր Արշակ Սվազյանը: Երբ պատգամավորը մտել էր շքամուտք, վերջինս հարվածել էր նրա դեմքին և դիմել փախուստի: Իսկ հարվածելու պատճառը, ըստ քննչական մարմիններից եղած արտահոսքի, եղել էր այն, որ պատգամավորը հայհոյել է իր հրամանատարին (Սերժ Սարգսյանին): Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 117 հոդվածով:

Լուրեր էին շրջանառվում, թե Արամ Մանուկյանի դեմ հարձակում գործած Արշակ Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդն է, սակայն և պատգամավորը, և Սվազյանը հայտարարեցին, թե նման բան չկա:

Իսկ ո՞վ էր այդ «թասիբով» Սվազյանը, որ ամիսներ անց որոշեց Արամ Մանուկյանի տված հայհոյանքի համար պաշտպանել Սերժ Սարգսյանի պատիվը: Դեռևս 2011 թվականին Սվազյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր երեք տարի ազատազրկման՝ մաքսանենգության մեղադրանքով: Նա 2010 թվականին փորձել է Դուբայ-Երևան չվերթով մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծել ադամանդներ՝ 68 միլիոն 859 հազար ՀՀ դրամ արժողությամբ:

ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներման արդյունքում նա, պատիժը լրիվ չկրած, 2011 թվականի մայիսի 26-ին ազատվել է:

Բացի այդ՝ կասկածելի է նաև Սվազյանի տարիքը. նա ծնվել է 1973 թվին: և արցախյան ազատամարտի տարիներին՝ 1992-1993 թվականներին, եղել է 20 տարեկան: Այսինքն՝ տակավին երիտասարդ Սվազյանը մարտնչել է ազերիների դեմ, այն էլ Սերժ Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 1990-ին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 1993-95-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար:

Կարելի է տրամաբանել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված և մաքսանենգության համար ազատազրկման դատապարտված վարորդը դժվար թե «մոռացության» մատնվի ԱԱԾ-ի կողմից: Իսկ գուցե Արշակ Սվազյանը հենց ԱԱԾ-ի «մարդն» է՝ հավաքագրված: Դժվար է ասել: Այնուամենայնիվ, փաստ է, որ Սվազյանի թիկունքին, Սերժ Սարգսյանի բառերով ասած, «խոշոր ձկներ» կան, որոնք պետպատվերն իջեցնելուց հետո նաև «տեր են կանգել» նրա արարքին»:

Ավելի մանրամանս կարդացեք թերթի այսօրվա համարում: