Բրիտանական bleacherreport.com-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին.

-Հենրիխ Մխիթարյանի համար այս մրցաշրջանը «Բորուսիայում» անհաջողից վերածվում է սարսափելիի: Ունենալով համաշխարհային մակարդակի տեխնիկա, օժտված լինելով հաղթողի բնավորությամբ՝ Մխիթարյանը չի սիրում, երբ իրեն համեմատում են Գյոտցեի՝ դորտմունդցիների նախկին աստղի հետ:

Չնայած, որ 2013-2014 մրցաշրջանում կիսապաշտպանների վիճակագրությունը գրեթե հավասար էր, սակայն ֆինանսական տեսանկյունից հայ ֆուտբոլիստի տրանսֆերն ավելի ձեռնտու էր. Մխիթարյանի կատարմամբ գոլ-գոլային փոխանցումն արժեցել է 1.4 մլն եվրո, իսկ Գյոտցեինը՝ 2.1:

Գերմանական մամուլը Մխիթարյանին ավելի բարձր գնահատականի էր արժանացրել նախորդ մրցաշրջանի համար: Մխիթարյանը Kicker եւ Bild պարբերականների՝ Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստների աղյուսակում զբաղեցրել էր համապատասխանաբար 26 եւ 39 տեղերը:

Սակայն ամեն ինչ փոխվեց ընթացիկ մրցաշրջանում: Հայաստանի հավաքականի աստղը Գերմանիայի առաջնությունում չի դարձել ո՛չ գոլի, ո՛չ էլ արդյունավետ փոխանցման հեղինակ, այն դեպքում, երբ Գյոտցեն արդեն խփել է 7 գնդակ եւ կատարել մեկ գոլային փոխանցում: Այդ պատճառով գերմանացին բարելավել է իր դիրքերը պարբերականների վարկանիշային աղյուսակում, իսկ Մխիթարյանը ոչ միայն կորցրել է տեղը լավագույն 50-յակում, այլեւ դուրս մնացել նաեւ հարյուրյակից:

Բունդեսլիգա 2014-2015 Գյոտցե-Մխիթարյանը

Bild-ի վարկանիշը՝ 6-149

Kicker-ի վարկանիշը՝ 37-169

Bleacherreport.com-ի համաձայն՝ հայ ֆուտբոլիստի նման անհաջող ելույթների պատճառներից է նաեւ դիրքի փոփոխությունը. ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավայի տրանսֆերից հետո Հենրիխը հազվադեպ է հանդես գալիս հարձակողական կիսապաշտպանի դիրքում:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Հերտայի» հետ խաղում ստացել էր վնասվածք և ժամանակ է հարկավոր վերականգնվելու համար: