Թուրքական պարբերականներից մեկի բլոգում քուրդ հեղինակ Ֆաթիհ Թունջը բաց նամակ է հրապարակել՝ ուղղված հայերին: Հեղինակն այդ կերպ ներողություն է խնդրել հայերից՝ 1915թ.-ի Հայոց ցեղասպանությանն իր նախնիների մասնակցության համար:

Նամակը՝ որոշակի կրճատումներով.

«Ապրիլին՝ գարնանը, անձրևի փոխարեն արյուն հոսեց Էրզրումից մինչև Արարատ լեռան ստորոտը ձգվող արշալույսներին։

Հարյուրամյակներով ապրեցինք նույն հողերում: Ձեր հորը հորեղբայր, ձեր տատիկներին մորաքույր ասելիս հավատքից անտեղյակության պատճառով վերացրինք մեր համերաշխությունը: Ամենից լավ դուք էիք մեզ ճանաչում: Մենք հայերեն չգիտեինք, բայց դուք քրդերեն սովորեցիք, որպեսզի ձեր եղբայրներին հասկանաք, իսկ նրանց ոչ ոք չէր հասկանում: Սակայն մենք ձեզ չէինք հասկացել, կամ գուցե զարմացել էինք՝ մտածելով, որ ոչ մեկ մեզ չի հասկանում, նրանք ինչպե՞ս են հասկանում: Մենք ձեր մահվան հանցակիցն էինք դարձել համոզմունքի ու հավատքի անհիմն պատճառներով:

Որքան էլ մասնատվեցիք, ձեր հեռանալուց հետո՝ մենակ մնալով հասկացանք, որ իրականում ոչ թե դուք, այլ մենք էինք մասնատվողը:

Ձեր հեռանալուց հետո էլ մենք էլ Զիլանում կոտորվեցինք, Դերսիմում դարձյալ մեր հավատքի զոհը դարձանք:

Մեր կանայք ձեզ շատ էին սիրում, անգամ, եթե ձեր հավատքի մեջ գլխաշոր կրել չկար, դուք հարգանքից ելնելով ծածկում էիք ձեր դեղնավուն խոպոպները, սակայն մենք չհասկացանք ձեր իրական անկեղծությունը:

Աղրիում (Արարատ-Tert.am) թողած ձեր կարոտը մինչև Վան էր հասնում, Մուշի հարթավայրի նման՝ ծովի պես ձգվում էր ձեր հուսահատությունը՝ մեր տգիտության պատճառով:

Բիթլիսում արմատ ձգած նուռն այլևս համ չուներ: Ձեզ միայնակ էինք թողել՝ մոռանալով, որ միայնությունը մեզ է սպառելու: Այժմ կողք կողքի ենք, սակայն շատ հեռու՝ ճիշտ Հրանտ Դինքի նման: Իսկ դուք մեզ պաշտպանել էիք:

Անցյալի դավաճանություններին զոհ դարձրինք մեկս մյուսին: Մեր հավատքն սպառելով՝ միշտ վախեցանք, ամաչեցինք և ոչ կարողացանք ասել՝ հայ ենք, ոչ էլ քուրդ լինելուց հետո մեր մահը կարողացանք կանխել: Այժմ կողք կողքի ենք, և հայերեն սովորելու հերթը մեզ է հասել: Անցյալի համար ներեցեք, անցյալը բարձրաձայնելու երես չունենք, սակայն ապագայում դարձյալ միասնական լինելը մեր ձեռքերում է…»։