Օրեր առաջ համացանցում սկսեց շրջանառվել ու տարածվել տեսանյութ, որի հերոսը՝ նախնական տվյալներով ոմն ռուս Նիկոլայ, այլ տվյալներով՝ պրոֆեսիոնալ մարզիկ, Մոսկվայում անսպասելի հակահարված էր տվել իր վրա հարձակված մի քանի հոգուն:Ռուսաստանյան «Ռոսիա 24» հեռուստաալիքը «Հատուկ ռեպորտաժ» հաղորդաշարի շրջանակներում անդրադարձել է մեծ աղմուկ հանած տեսագրությանը, դրա հերոսին և «հակահերոսներին»:

Սակայն «Հատուկ ռեպորտաժը» պարզել է, որ տեսանյութի հերոսը հայազգի 29-ամյա երիտասարդ Զավեն Ավագիմյանն է, իսկ միջադեպը գրանցվել է Կրասնոդարի Ստարոկորսունսկոե բնակավայրում: Հարձակվողները ևս հայեր են:

Ռեպորտաժից հայտնի է դառնում, որ Զավենը դպրոցում զբաղվել է բռնցքամարտով, սակայն պրոֆեսիոնալ մարզիկ չէ: Իսկ համացանցը ցնցած, միլիոնավոր դիտումներ ունեցած, արտասահմանյան մամուլում լուսաբանված դեպքն իրականում ոչ այնքան հաճելի հետևանքներ է ունեցել հերոսի համար:  Զավենի դեմ քրեական գործ է հարուցվել, քանի որ հարվածելով՝ նա ծանր վնաս է հասցրել մի երիտասարդի առողջությանը, որը հայտնվել է հիվանդանոցում: Այժմ նրան սպառնում է 3-8 տարվա ազատազրկում: Սակայն հակառակ ընդունված պրակտիկայի, երբ նման դեպքերում, կասկածյալները կալանքի տակ են առնվում, Զավենից չհեռանալու մասին ստորագրություն է վերցվել, և նա դատավարությանը սպասում է ազատության մեջ: