Եռյակը դեկտեմբերի 10-ին հանրահավաք-երթ կանցկացնի, իսկ մինչ այդ մերժում է իշխանությունների՝ 12 կետերի հարցով բանակցելու առաջարկությունը. այսօր եռյակի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով տեղեկացրեց, որ նիստին 4 կարևոր որոշում է ընդունվել:

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ՀԱԿ-ի ավանդական երթին, որը նվիրված է լինում Մարդու իրավունքներին, կմասնակցեն նաև եռյակի մյուս անդամները՝ «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն:

Նրա խոսքերով,-«Դեկտեմբերի 10-ին, ժամը մեկին, համաժողովրդական շարժման մասնակիցներին հրավիրում ենք Ազատության հրապարակ: Կներկայացվի մարդու իրավունքների իրավիճակը, մեր անելիքները: Պատրաստում ենք այդ օրը հզորագույն հանրահավաք-երթ անցկացնել»:

ՀԱԿ պատգամավորը նշեց, թե դեռ չի կարող ասել՝ կմասնակցե՞ն քաղաքական ուժերի առաջնորդները, թե ոչ։

«Համաժողովրդական շարժման եռյակն իշխանությունների հետ բանակցությունների մեջ մտնելու որևէ իմաստ չի տեսնում: Բանակցությունների առաջարկները ոչ այլ ինչ են, քան ընդդիմությանը երկարաժամկետ և անպտուղ, իմիտացիոն քննարկումների մեջ ներքաշելը և շարժման թափը կոտրելը»,-ասաց նա:

Մյուս կարևոր որոշումն ըստ նրա այն էր, որ պլանավորում են արտահերթ նիստ հրավիրել՝ ընտրական համամասնական համակարգին անցնելու և ընտրողների ցուցակները հրապարակելու հարցով: Ըստ նրա, այդ հարցով իրենք կխորհրդակցեն այլ խորհրդարանական ուժերի հետ, մասնավորապես՝ Դաշնակցության հետ, քանի որ նրանք էլ 12 կետերի ձևավորման հարցով համասեփականատեր են:

«Իմաստն այն է, որ եթե իշխանությունները հայտարարում են պատրաստակամության մասին, մենք այդ հնարավորությունը տալիս ենք: Այդ քայլն անելով՝ կստուգվի, թե իշխանությունները իրենց խոսքին որևէ արժեք տալի՞ս են, թե ոչ»,-ասաց նա։

 Վերջում Զուրաբյանը տեղեկացրեց, որ կձևավորվեն համաժողովրդական շարժման մի քանի մարմիններ, մասնավորապես՝ քաղաքական խորհուրդ, որում եռյակը ներկայացված կլինի ոչ միայն նիստերին մասնակցած ներկայացուցիչներով, նաև կձևավորվեն տարածքային գրասենյակները համակարգող մարմին, արտախորհրդարանական քաղաքական ուժերի՝ շարժման մասնակցությունը համակարգող մարմին, հանրային խմբերի հետ աշխատող մարմին, միասնական տեղեկատվական կենտրոն, կլինի քաղաքացիների իրավական աջակցության խումբը, նաև սփյուռքի համայնքների հետ աշխատանքային խումբ և երիտասարդական միասնության կենտրոն: