Հոկտեմբերի 28-ին Միացյալ երիտասարդական լիգան լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենց կողմից բացահայտվել է «Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցություն» կազմակերպությունը, որը, գրանցվելով որպես հասարակական կազմակերպություն,  Հայ Առաքելական Եկեղեցու անվան տակ հավաքներ է կազմակերպում ու կրոնական քարոզներ անում: Նշենք, որ նախաձեռնության համանախագահ Դանիել Պողոսյանը անձամբ էր եղել քարոզներին ու նկատել նաև, որ քարոզողները կին են եղել ու հավաքներին տարբեր տարիքի երեխաներ են բերել, այնինչ, անթույլատրելի է կրոնական քարոզներ անցկացնել անչափահաս երեխաների ներկայությամբ: Այս նոր աղանդը իր հավաքատեղիները ունի Հայաստանի տարբեր շրջաններում, իսկ երևանյան կառույցը գտնվում է հենց Հայ Առաքելական եկեղեցու Շողակաթ հեռուստաընկերության հետնամասում: 

Միացյալ երիտասարդական լիգայի հայտարարությունից հետո Տեր Եսայի քահանա Արթենյանը ասաց, որ այդ կազմակերպությանը որպես աղանդ որակելը չափազանցություն է ու ճիշտ չէ: 

Կրկին կապ հաստատեցինք Միացյալ երիտասարդական Լիգայի համանախագահ  Սևակ Հովհաննիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ևս մեկ անգամ հավաստեց, որ Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցություն կազմակերպությունը աղանդ է, ու Տեր Եսայի քահանա Արթենյանը մի գուցե տեղյակ չէ իրենց գործունեությունից:

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե եկեղեցականը ասում է, որ դա աղանդ չէ, դրա մասին խոսելն ավելորդ է: «Դա պետք է ուսումնասիրության ենթարկել, հաշվի առնելով առկա փաստերը: Չեմ կարող լիարժեք ասել, որ այդ հայտարարությունը ճիշտ է, թե՝ ոչ, ես դա պետք է ճշտեմ, քանի այդ կառույցը որպես քայքայիչ աղանդավորական կազմակերպություն իմ ուշադրության ներքո չի հայտնվել: «Պետք է ճշտել, թե տվյալ կազմակերպությունը եկեղեցում գրանցված է թե՝ ոչ, որովհետև ամեն մի հայտարարություն եթե վերցնենք ու ասենեք այդպես է, հավատացեք, որ ձեռնտու չէ»,- ասաց Ա. Ամարյանը:

Այս հարցով փորեցինք պարզաբանում ստանալ նաև Հայ Առաքելական եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Երկար փորձերից հետո մեզ հաջողվեց կապնվել Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից Հովհաննես սարկավագի հետ, որը և հայտնեց՝ դեռևս այդ հարցով որևէ պարզաբանում չի կարող տալ: «Երբ դիրքորոշումը լինի, այդ ժամանակ էլ կիմանաք»,- ասաց նա: Մեր այն հարցին, թե երբ է պատրաստվում Մայր Աթոռը հայտարարել իր  դիրքորոշման մասին, պատասխանը հետևյալն էր՝ պարզ չէ, միգուցե առաջիկայում լինի հայտարարություն:

Նշենք, որ առաջիկայում կրկին կանդրադառնանք այս թեմային, ներկայացնելով հավելյալ տեղեկություններ կազմակերպության գործունեության վերաբերյալ: