Լյովա Խաչատրյանը այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ ԱԻՆ-ի տարածած այն հրապարակման պատճառով շատ գյուղացիներ հոկտեմբերի 26-27-ը ստիպված են եղել հավաքել իրենց դեռ ամբողջովին չհասած գյուղմթերքը: Այդ պատճառով երկու օրերի հավաքած մեծաքանակ գյուղմթերքը շուտ չկիրառվելու և փչանալու վտանգի առաջ է կանգնած: Թե այդ վնասները ինչպե՞ս կանդրադառնան քաղաքացիների վրա, շուկայում կբարձրանա՞ գյուղմթերքի գինը փորձեց պարզել YerevanNews.am-ի լրագրողը: 

«Գյուղնախարարությունը տեղեկացրել էր գյուղացիներին բերքի հավաքման աշխատանքների հետ կապված ամեն ինչ՝ հիմք ընդունելով ՀՀ ԱԻՆ-ի տարածած այն հայտարարությունը, թե արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ պայմանավորված է հանրապետությունում եղանակային պայմանների փոփոխություն և ջերմաստիճանը նվազելու է 20 աստիճանով»,- հայտնեց YerevanNews.am-ի լրագրողին ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը: 

Անի Սմբատյանը նաև հավելեց, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանը հայտարարություն է արել, որ ամեն ինչ նորմալ է, ոչինչ չկա, վնասներ չեն եղել: 

Ստորև ներկայացնում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության դիրքորոշումը այս հայտարարության վերաբերյալ.

«Համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության հաղորդագրության` արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ պայմանավորված, հանրապետությունում սպասվում է եղանակային պայմանների փոփոխություն` տեղումներ, ջերմաստիճանի կտրուկ անկում: Հոկտեմբերի 26-28-ին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-8 աստիճանով: Նշված մարզերում կդիտվեն ձյան տեսքով տեղումներ և նույնիսկ ցերեկային ժամերին կգրանցվեն բացասական ջերմաստիճաններ:

Ելնելով վերոհիշյալից` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմում է հանրապետության հողօգտագործողներին և հորդորում բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու առաջիկա 2 օրերի ընթացքում բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի, խաղողի, պտուղների և այլ մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները ավարտելու համար:

Չնայած նշված ժամանակահատվածում Արարատյան դաշտում և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում զրոյից ցածր ջերմաստիճաններ չեն կանխատեսվում, այնուամենայնիվ նախարարության մասնագետները, հաշվի առնելով բազմամյա փորձը, տեղեկացնում են, որ ցրտահարությունների վտանգը այստեղ նույնպես բացառել չի կարելի, և հիշյալ տարածաշրջաններում ևս պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բերքի հնարավոր կորուստներից խուսափելու համար: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը միաժամանակ հորդորում է սեղմ ժամկետներում ավարտել աշնանացան մշակաբույսերի ցանքը, ինչպես նաև շուտափույթ սկսել խաղողի այգեթաղը»: