Նախարար Գաբրիել Ղազարյանն հոկտեմբերի 27-ին, ընդունել է այս օրերին Երևանում գտնվող WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին:

Նախարարը, ողջունելով չեմպիոնին նշել է, որ մշտապես հետևում է նրա մրցելույթներին և ամեն անգամ վստահորեն սպասում նրա հերթական հաղթանակին: «Արթուր Աբրահամն այսօր շատ ու շատ սկսնակ բռնցքամարտիկների համար օրինակ է ծառայում, ինչն էլ իր հերթին նպաստում է բռնցքամարտի զարգացմանն ու մասսայականացմանը»,- իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանն ու հավելել, որ այդ նպատակով տարվում են համապատասխան աշխատանքներ, մասնավորապես՝ ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում շուտով բացվելու է նոր բռնցքամարտի դպրոց:

Արթուր Աբրահամն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և պատմել իր առաջիկա ծրագրերի, գերծանրաբեռնված պարապմունքների, կայանալիք մրցաշարերի մասին:

Հանդիպման ավարտին նախարար Գ. Ղազարյանը միջազգային հարթակներում Հայաստանի և հայկական սպորտի պատիվը բարձր պահելու, փայլուն հաղթանակների ու Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը մեծապես աջակցելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագիր է հանձնել Արթուր Աբրահամին: