«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը ՀՀ կառավարության ներկայացուցիչներին պաշտոնապես հայտնել է, որ մտադիր չէ որևէ ներդրումային ծրագիր իրականացնել «Նաիրիտ» գործարանում:

«Նաիրիտում» «Ռոսնեֆտի» ներդրումների մասին խոսվում է արդեն մեկ տարի և ամենաբարձր մակարդակով: Դեռևս այս տարվա փետրվարին, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման արդյունքներով, այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե «Ռոսնեֆտը» պատրաստվում է Հայաստանում 500 մլն դոլարի ներդրում անել, որից մի զգալի մասը՝ «Նաիրիտում»:

Ու չնայած ՀՀ իշխանությունները վաղուց իրազեկված են, որ «Նաիրիտի» թեման փակված է, այդ մասին նախընտրում են լռել, քանի որ դա կարող է «Նաիրիտի» աշխատակիցների շրջանում կրքեր բորբոքել: Բանն այն է, որ նաիրիտցիները մոտ մեկ տարվա աշխատավարձ չեն ստացել, և կառավարությունը նրանց սնում է հույսերով, թե «Ռոսնեֆտը» շուտով գնելու է «Նաիրիտը», և գործերը լավ են գնալու: Հիմա արդեն պարզ է, որ «Ռոսնեֆտը» «Նաիրիտը» չի գնելու, և գործերի լավ լինելը բոլորովին այլ հարց է»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: