Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունն արձագանքել է «Բարև Երևան» խմբակցության անդամ Բախշյանի հարցադրմանը՝ կապված Վ. Սարգսյան փողոցի ձախ թևի վրա «Լավանդա» խանութի դիմաց տեղադրված երկու իրար հակասող ճանապարհային նշանները՝ «կանգառն արգելվում է» և «կայանման տեղ»: Սա դառնում է վարորդների տուգանման պատճառ: 

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է. «Միանգամից նշենք, որ տեղադրված նշաններն իրար չեն հակասում: ՀՀ կառավարության 26.10.2006 թ. «Ճանապարհային լուսացույցերին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» որոշման հավելված № 3-ի 50.35 և Հայաստանի Հանրապետությունում գործող ԳՕՍՏ Ռ 52289-2004 «Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ» ստանդարտի 5.4.31 կետերով 3.27 ճանապարհային նշանի ազդման գոտին կարող է սահմանափակվել 6.4 ճանապարհային նշանի և (կամ) 1.4 դեղին գույնի հորիզոնական հոծ գծանշման միջոցով: Վ. Սարգսյան փողոցում երկու պայմաններն էլ միաժամանակ ապահովված են:

3.27 նշանը Վ. Սարգսյան փողոցում ընդհանրապես կարելի էր չտեղադրել, որովհետև Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնների 84-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն՝ տվյալ վայրերում կանգառն արգելվում է: Սակայն հաշվի առնելով մեր վարորդների նման նրբին հարցերի վերաբերյալ ոչ բավարար գիտելիքները` դրանք ստիպված տեղադրվել են»: